Ախալքալաքում գրեթե ամեն օր կարելի է հանդիպել բեռնատար մեքենաների, որոնք սխալմամբ հայտնվում են քաղաքի կենտրոնում, այնուհետև ոստիկանների ուղեկցությամբ երթևեկում իրենց անհրաժեշտ ուղղությամբ: Եվ ամեն անգամ քաղաքի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար է լինում:

Բանն այն է, որ մինչև Խոսպիոյի ճանապարհից դուրս գալը Վաչիանի կողմ թեքվող ճանապարհը, որտեղ տեղադրված է «տարանցիկ երթևեկության» ցուցավահանակ և սլաքն ուղղված է դեպի ձախ, այսինքն՝ դեպի Վաչիանի ճանապարհ։ Հիմնականում սխալվում և մինչև քաղաքի կենտրոն հասնում են արտասահմանյան պետհամարանիշերով բեռնատարները, որոնք հասնում են Մաշտոցի արձանի մոտ, այնուհետև պարեկային ոստիկանության աշխատակիցները բացատրում են և ցույց են տալիս ճիշտ ճանապարհը։ Եվ այդ ընթացքում քաղաքի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար է լինում:

tranzit

Ինչու՞ են այդ բեռնատարները հասնում քաղաքի կենտրոն

Բանն այն է, որ այդ հատվածում բացի «տարնացիկ երթևեկություն» գրված վահանակից չկա որևիցե արգելող կամ սահմանափակող այլ ճանապարհանշան, որն ավելի հստակ ցույց կտա վարորդներին ճանապարհի ուղղությունը։ Քաղաքի մեջ, «վստրեչա» կոչող տարածքի մոտ է տեղադրված «բեռնատարերի մուտքը» արգելված է ճանապարհանշանը, որը շատ հին է, և միայն լավ փնտրելուց հետո է հնարավոր գտնել։

Քաղաքի միջպետական ճանապարհները սպասարկում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը, JNEWS-ը խոսել է գործադիր տնօրենի հետ։

«Նախագծով ինչ ճանապարհանշան, որ եղել է, տեղադրված է, սակայն հնարավոր է նորից տեղադրել, օրինակ, «բեռնատար մեքենաների» երթևեկությունն արգելող ճանապարհանշան, սակայն դա էլ խնդիր է առաջացնում, մենք չենք կարող բոլոր բեռնատարների մուտքն արգելել: Կարելի է այլ բան մտածել, եթե մեզ դիմեն մունիցիպալիտետից կներառենք մեր անելիքների մեջ», – ասում է «ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն։

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասում է՝ սխալներ լինում են, որը բոլորի համար էլ անհարմարություններ է ստեղծում, սակայն ճանապարհանշանները տեղադրված են ըստ նախագծի։

«Եթե այդտեղ տեղադրենք «բեռնատար մեքենաների» երթևեկությունն արգելող ճանապարհանշան, ապա այդ դեպքում մարդիկ չեն կարողանա իրենց ապրանքը հասցնել խանութներ, այդտեղով բերում են տարբեր շինանյութեր, այլ ապրանքներ։ Միշտ լինում են խնդիրներ կապված բեռնատար մեքենաների հետ։ Այդ հատվածում մենք չենք կարող տեղադրել «բեռնատար մեքենաների» երթևեկությունն արգելող ճանապարհանշան, դրանից հետո, իհարկե, կարող է բողոք լինել մյուս քաղաքացիներից, ովքեր խանութներ ունեն այդ տարածքում։ Այդ ճանապարհանշանները տեղադրելիս հատուկ մասնագետներ կան, ովքեր համաձայնեցնում են նաև ճանապարհային ոստիկանության հետ», – ասում է քաղաքապետը։

Քանի դեռ ճանապարհանշանները տեղադրված են ըստ նախագծի, ուրեմն դեռ շատ անգամ են բեռնատարներ հայտնվելու քաղաքի կենտրոնում։