Նինոծմինդացի Մանուկ Կարախանյանը, ով 85 տարեկան է, սիրում է փիլիսոփայել կյանքի, սիրո և երջանկության մասին։ Խորհրդային տարիներին լինելով շրջանային թերթի խմբագիր, հետո նաև իր գործունեությունը շարունակելով անկախ Վրաստանում, նա իր համար շատ բան է հասկացել, ինչով էլ կիսվեց Jnews-ի հետ։
Փորձառու լրագրողի համար մեր այցն անսպասելի էր, բայց և շատ ցանկալի։ Նա մեզ դիմավորեց այնպիսի մարդու հպարտությամբ, ով գիտի իր գինը: Մանուկ Կարախանյանը իր հարեւանի հետ, դրսում մեզ էին սպասում։
Իր տուն հրավիրելով, Մանուկը սկսեց ցույց տալ գրադարակները, որոնք կային գրեթե բոլոր սենյակներում։ Նա հպարտանում է հայ գրողների գրքերով լի իր գրադարանով։
Մանուկ Կարախանյանը ծնվել է 1936 թվականին Ղաուրմա գյուղում։ Դպրոցից հետո ընդունվել է Երևանի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը։ Նա երազում էր ճանապարհորդել աշխարհով մեկ, այցելել Սիբիր, Հյուսիսային բևեռ: Նա շատ է ցավում, որ իր երազանքները այդպես էլ իրականություն չդարձան։ Համալսարանն ավարտելուց հետո նա դարձավ լրագրող։
«Կյանքը ցույց տվեց, որ այս ամենն ինձ անհասանելի է, ես այս մասնագիտությունն ընտրեցի աշխարհով, օվկիանոսներով ճամփորդելու համար: Երազանքս չիրականացավ: Այն ժամանակներն ուրիշ էին, խանգարեցին պայմաններն ու միջավայրը: Ես նույնպես չպայքարեցի իմ երազանքներին հասնելու համար, բայց ես չեմ ափսոսում, որ լրագրող դարձա»,- ասում է Մանուկ Կարախանյանը։
Համալսարանն ավարտելուց հետո նա վերադարձավ հայրենի Նինոծմինդա (այն ժամանակ՝ Բոգդանովկա)։ Մանուկ Կարախանյանը սկսեց աշխատել դպրոցում, սկզբում Ժդանովական գյուղում, ապա Փոկա գյուղում, որից հետո դարձավ Ղաուրմա գյուղի դպրոցի տնօրենը։ 1966 թվականին նա սկսեց աշխատել տեղական թերթում։ «Արշալույս» թերթը հիմնադրվել է 1935 թվականին, այն ժամանակ թերթը կոչվում էր «Ստալինյան ճանապարհ»։
Խմբագրությունում աշխատանքի սկզբում Մանուկ Կարախանյանը նամակների բաժնում էր, հետո դարձավ գյուղատնտեսության բաժնի վարիչ։ Այնուհետեւ 1976-1984 թվականներին, թողնելով թերթն, աշխատել է այլ պաշտոններում։ Բայց դա ճակատագրական դարձավ նրա համար, 1984 թվականին նա վերադարձավ «Արշալույս» և այնտեղ աշխատեց որպես խմբագիր մինչև 2020 թվականը։
Նրա խոսքով, Խորհրդային Միության փլուզումից հետո աշխատելը դժվար է դառնում, աշխատավարձերի, թերթի տպագրման համար միջոցներ չկային: Նրանք գոյատևում էին ինչպես կարողանում էին, ֆինանսներ էին հայթայթում, նրանց օգնում էին իրենց ընկերներն ու ծանոթները։
«Մնացինք 5 աշխատակից, և մենք որոշեցինք, որ պիտի աշխատենք, պահպանենք թերթը, մտածեցինք, ինչ պիտի անենք, ուր պիտի գնանք աշխատելու: Մեր միջոցներով, նաև այլոց օգնությամբ տպում էինք թերթը: Ամենից դժվարը տպարանի հետ կապված հարցը լուծելն էր, տպագրելը թանկ էր: Այդ տարիներին բնակչությունն էլ էր հեռացել լրատվամիջոցներից»,- ասում է Կարախանյանը։
Թերթի տպաքանակը ամենալավ տարիներին մոտ 8000 էր։ Սկզբում թերթը լույս էր տեսնում շաբաթը 3 անգամ, հետո՝ ամիսը 3 անգամ, ամիսը 2 անգամ, և արդեն վերջում՝ ամիսը 1 անգամ։ Թերթը 8 տարի Ախալքալաքում է տպագրվել, տպարանի փակվելուց հետո տպագրվել է Գյումրիում, Երեւանում, ապա՝ Ախալցիխեում։
Ըստ Մանուկ Կարախանյանի, այժմյան լրագրությունը տարբերվում է այն լրագրությունից, որը եղել է այն ժամանակներում:
«Այն ժամանակ գրում էին շրջանի զարգացման շահերից բխող թեմաներ, շատ էին գրում կոմունիստական կուսակցության մասին, ինչ ասում էր շրջանային կուսակցության նախագահը, դա էլ գրում էին: Հիմա ինչ ուզում են գրում են, այն ժամանակ լրագրությունն անկախ չէր, և, ընդհանրապես, անկախ ոչինչ չկա: Նայաց ձեռքդ ինչ ուղղությամբ կշարժես»,- ասում է Կարախանյանը։
Նա հպարտությամբ մեզ նվիրեց «Արշալույս»-ի վերջին համարները, թերթի վերջում նշելով ու ցույց տալով իր անունը։
Նա կարծում է, որ լրագրությունը փնտրտուք է։ Նա ափսոսում է, որ հիմա տպագիր մամուլն ավելի քիչ է, իսկ առցանց թերթերը նա էդքան էլ չի սիրում և չի կարդում։
Այժմ Մանուկ Կարախանյանը 85 տարեկան է, նա զբաղվում է տան գործերով, կարդում է իր հսկայական գրադարանից դեռ չկարդացած գրքերը։
Մանուկ Կարախանյանն ամուսնացել է տարրական դասարանների ուսուցչուհի՝ Արփիկի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ որդի և դուստր։ Այժմ երեխաները ապրում են Ռուսաստանում։ Կարախանյաններն ունեն երեք թոռ: Երեխաների ու թոռների հետ ամեն օր «Skype»-ի միջոցով շփվելը նրանց գլխավոր ուրախությունն է։
Արփիկը շատ է սիրում իր ամուսնուն, նրա մասին խոսելիս աչքերը փայլում են ու նա իրեն երջանիկ կին է համարում։
Մանուկ Կարախանյանը չի զղջում իր արածի համար, և կարծում է, որ մարդ միշտ զղջում է միայն իր չարածի համար:
Երջանկության մասին հարցին Մանուկ Կարախանյանը փիլիսոփայում է.
«Երջանկությունը հասկացություն է, որն իր մեջ պարունակում է երկու միտք՝ փիլիսոփայական և հայեցողական: Երջանկությունը մեկ օրով չի որոշվում: Մարդ երջանկությունը մարդու մոտ մշտական պետք է լինի»: