Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա և Ջիգրաշեն գյուղերում, գյուղատնտեսական նշանակության հողերի պետական գրանցման ծրագրի շրջանակներում, ավարտվել է տների և տնամերձ հողամասերի չափագրման գործընթացը։ Հողամասերի հողաչափման և գրանցման գործընթացը տեղի է ունենում ըստ կանխորոշված ժամանակացույցի: Ախալքալաքում այս տարի, 2022 թվականի նոյեմբերին, կիրականացվի Դիլիսկա գյուղի հողերի չափագրումը։

Պետական ծրագրի ժամանակացույցի համաձայն, Նինոծմինդայի մունիցիպալիտետում հողերի անվճար գրանցման գործընթացը մեկնարկել է Սաթխա և Ջիգրաշեն գյուղերում։ Ըստ Հանրային ռեեստրի կայք-էջի՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցվել է 2 գյուղատնտեսական հողամաս, չափագրվել է 2316 հողամաս։ Ցանկացողները կարող են ստուգել իրենց գրանցման կարգավիճակը այս կայք-էջում՝ slr.napr.gov.ge

Ջիգրաշեն գյուղում, ըստ բնակիչների, հունիս-հուլիս ամիսներին Հանրային ռեեստրի աշխատակիցները չափագրել են տներն ու տնամերձ հողամասերը։ Մյուս հողատարածքները, որոնք հեռու են գտնվում տներից, ինչպես նշում են նրանք, չեն չափագրվել: Այսօր բնակիչներն անորոշության մեջ են, չգիտեն, թե ինչ է եղել իրենց փաստաթղթերը, չի առաջացել արդյոք ինչ-որ խնդիրներ։

Ջիգրաշենցի Արմենուհի Եզեկյանն ասում է, որ եկել են, չափել ու գնացել են:

«Ասացին կզանգենք 15 օրից ու գնացին: Մինչ օրս մենք տեղեկություն չունենք»,- ասում է Արմենուհի Եզեկյանը։

Արտավազդ Ղազարյանն ասում է, որ Հանրային ռեեստրի աշխատակիցները չափագրել են միայն տներն ու տնամերձ հողամասերը:

«Տնից հեռու գտնվող հողատարածքները չեն չափագրվել: Գնացել են, ասացին՝ հետո կգանք, երեք ամիս է, ինչ սպասում ենք, բայց դեռ տեղեկություն չկա»,- ասում է Արտավազդ Ղազարյանը։

Աննա Եզեկյանի տունը գրանցված է որպես իր սկեսուրի սեփականություն, չնայած նրան, որ սկեսուրը մահացել է 20 տարի առաջ։ Աննան ցանկանում է տունը գրանցել իր անունով։ Վերջինիս խոսքով, Հանրային ռեեստրի աշխատակիցները չափագրել են տունն ու տնամերձ հողատարածքը, վերցրել անձնագրային տվյալներն ու հեռացել։

«Անցել է 3 ամիս, չափեցին, ասացին՝ ոչ մի տեղ չգնաք, մի 20 րոպեից մենք կգանք, ոպրեսզի ստորագրեք: Գնացին ու էլ չվերադարձան: Տունը պետք է գրանցվեր իմ անունով»,- պատմում է Աննա Եզեկյանը։

Աննան հույս ուներ, որ կգրանցեին մինչև նոյեմբեր և կկարողանար օգտվել գյուղատնտեսության պետական սուբսիդիայից, որով հողի գրանցման դեպքում իրավունք ունի 1 հեկտարի դիմաց 300 լարիի չափով օգնություն ստանալ:

Վրաստանի Հանրային ռեեստրում մեր այն հարցին, թե Ջիգրաշենի և Սաթխայի հողերի հաշվառման գործընթացը որ փուլում է գտնվում, որտեղ արդեն հողաչափումն ավարտվել է, մեզ պատասխանեցին, որ յուրաքանչյուր մարդ առանձին կարող է ստուգել իր գործի կարգավիճակը, սակայն, ընդհանուր առմամբ, գործընթացը հեշտ չէ և շատ ժամանակ է պահանջում:

Նշենք, որ 2022 թվականի հունվարից մունիցիպալիտետների քաղաքապետարանները չեն մասնակցում բնակիչների գյուղատնտեսական նշանակության հողերի օրինականացման և նույնականացման գործընթացին։ 2022 թվականից մինչև 2024 թվականը հողերի գրանցման ամբողջ գործընթացը կիրականացնի Հանրային ռեեստրը։ 2022-2024 թվականների ընթացքում կիրականացվի հողերի փուլային հաշվառում։ Նինոծմինդայի մունիցիպալիտետում գործընթացը մեկնարկել է։ Ախալքալաքում այն նախատեսվում է սկսել ընթացիկ տարվա նոյեմբերին։

Եթե սեփականատերը նշանակված, սահմանված ժամանակացույցով գրանցի հողամասը, ապա ամբողջ ընթացակարգը (աերոնկարահանում, փաստաթղթերի որոնում, գրանցում և այլն) կլինի անվճար:

Եթե անձը ցանկանում է հողամասը գրանցել ժամանակացույցից դուրս, ապա ընթացակարգը վճարովի է։

Ընթացակարգն անվճար կարող են անցնել նաև այն անձինք, ովքեր փաստաթղթերը ներկայացրել են մինչև 2022 թվականի հունվարի 1-ը և նրանց հողամասի գրանցումն ընթացքի մեջ է։