Այսօր՝ հուլիսի 12-ին, Նինոծմինդայում բացվեց «ԱրՄաթ» ինժեներական նոր լաբորատորիա:
Այսօր «Ռաֆայել Ջավախ» երիտասարդական կենտրոնը մարդաշատ էր: Տոնական զարդարված սենյակում կան սեղաններ, որոնց վրա տեղադրված են նորագույն համակարգիչներ և այլ տեխնիկա: Հենց այստեղ էլ նինոծմինդացի երեխաներին կսովորեցնեն ՏՏ, ժամանակակից ճարտարագիտություն և ռոբոտաշինություն: Ամբողջ Սամցխե-Ջավախքում արդեն գործում է նման ևս 5 լաբորատորիա: Առաջին լաբորատորիան բացվել է Ախալքալաքում 2018-ին, հետո Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում, «ԱրՄաթ»-ը գործում է նաև Ասպինձայի մունիցիպալիտետի Դամալա գյուղում, կան նաև լաբորատորիաներ Ախալցիխեում և Ծղալթբիլա գյուղում:
Նինոծմինդայում «ԱրՄաթ»-ի հիմնադրման ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (բարերար Արմեն Ղարսլյան)` «Ռաֆայել Ջավախ» երիտասարդական մշակութային և կրթական կենտրոնի, Հայ Առաքելական եկեղեցու և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ:
«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում Նինոծմինդայից պատանիները կկարողանան ուսումնասիրել ծրագրավորում, ռոբոտաշինություն և ժամանակակից ճարտարագիտություն: Սովորելու են 10-ից 18 տարեկան դպրոցականներ: Այս նախաձեռնությունն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը: «ԱրՄաթ»-ի բացումը Նինոծմինդայում հովանավորվել է նինոծմինդացի եղբայրներ Արմեն և Թաթուլ Ղարսլյանների կողմից:
«Յուրաքանչյուր շրջանում ծրագրի իրականացմանը նպաստում են կոնկրետ բարերարներ, հարուստ մարդիկ, բարեգործական ընկերություններ: Այսօր տոն է Նինոծմինդայում, վաղը մենք կլինենք Օլավերդ գյուղում, որտեղ կբացենք «ԱրՄաթ»-ի 7-րդ ինժեներական լաբորատորիան: ՋԱՀ-ն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր։ 2014 թվականից մինչ օրս իրականացվել է ավելի քան 100 ծրագիր, ներառյալ Ջավախքի զարգացման բոլոր հասարակական ոլորտները: Կրթությանն ուղղված «ԱրՄաթ» լաբորատորիաները, ՏՏ զարգացումը կարևոր ծրագրերից մեկն է»,- ասաց ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը:
Վերջինիս խոսքով՝ սկզբում նախատեսվում էր տեղադրել 5 աշխատասեղան, 6 համակարգիչ երեխաների ուսուցման համար, բայց հայտարարությունը տարածելուց հետո պարզվեց, որ դիմորդները շատ են, և արդեն գրանցվել է շուրջ 150 երեխա: Ուստի վերջնականապես որոշվեց հատկացնել 10 համակարգիչ: Բոլոր 150 երեխաները սովորում են կենտրոնում:
Բացմանը ներկա էին հյուրեր Հայաստանից և Թբիլիսիից, Վրաստանի ՀԱԵ հոգևորականներ: Երգեց «Առավոտ լուսո» երգչախումբը, «Ռաֆայել Ջավախ» կենտրոնի սաները պարեցին ու բանաստեղծություններ արտասանեցին:
Բացման պաշտոնական արարողության շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրամանագրով «Ռաֆայել Ջավախ» երիտասարդական կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը պարգևատրվեց Սուրբ Սահակ և Սուրբ Սերոբ շքանշաններով: Սնխչյանին շքանշանը հանձնեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:
ՋԱՀ-ը շնորհակալագրեր հանձնեց ինչպես բարերարներին, այնպես էլ Արարատ Անտոնյանին, Նինոծմինդայի հոգևոր առաջնորդ Տեր Արմաշ Պողոսյանին և երիտասարդական կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանին:
Բացման արարողության ժամանակ կարմիր ժապավենը կտրեցին հովանավորներից Արմեն Ղարսլյանը և Ջավախքին աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Սոս Սահակյանը: «ԱրՄաթ»-ի` Ախալքալաքի և Հեշտիայի սաները ներկայացրեցին իրենց աշխատանքները:
Այնուհետև Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը և Տեր Արմաշ Պողոսյանը օծեցին նինոծմինդացի երեխաների համար նախատեսված նոր ուսումնական կենտրոնը:
Քրիստինե Մարաբյան