Տնտեսագետներն ու ֆինանսիստները գնահատում են, թե ինչպես կանդրադառնա Ռուսաստանի Դաշնությունում հայտարարված մասնակի զորահավաքը Վրաստանի վրա։ Ոմանք կարծում են, որ ռուսների հոսքը դրականորեն կանդրադառնա երկրի տնտեսության վրա, իսկ մյուսները տեղի ունեցողը համարում են միգրացիոն ճգնաժամի նախադրյալ։

Երկրի խոշորագույն ТВС առևտրային բանկի գլխավոր տնտեսագետ Օթար Նադարաիան իրավիճակը միայն դրական է գնահատում: Միգրանտների հոսքից հետո նա ակնկալում է տրանսպորտային փոխադրումների ու արտահանման աճ։

«Չեմ կարծում, որ էֆեկտը միայն կարճաժամկետ կլինի… Կարծում եմ, որ միգրանտների մեծ մասը երկար ժամանակով կմնա Վրաստանում, շատ ցուցանիշներ այդ մասին են վկայում»,- ասել է Նադարաիան bm.ge-ին տված հարցազրույցում։

Տնտեսագետը վստահ է, որ երկարաժամկետ հեռանկարում Վրաստանը պետք է իր մրցակցային առավելությունը համարի միգրանտներին՝ «ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև այլ երկրներից», բայց «չափի մեջ և նորմայի սահմաններում»։

Նադարաիան կարծում է, որ այժմ իշխանությունները պետք է մտածեն, թե ինչպես կանխել այցելուների կենտրոնացումը միայն Թբիլիսիում և Բաթումում։

«Սոցիալ-տնտեսական զարգացման համար կարևոր եմ համարում, որ այլ շրջաններում, օրինակ, Քութաիսիում ավելի ակտիվ լինի, որպեսզի ստեղծվի այնպիսի ենթակառուցվածք, որն անհրաժեշտ է միջին և բարձր եկամուտ ունեցող մարդկանց… Նման մոտեցումների դեպքում, մեծ հավանականություն կա, որ մենք ավելի շատ ներհոսք կունենանք ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև այլ երկրներից, ինչը, վերջին հաշվով, կօգնի նվազեցնել նաև մեր բնակչության արտահոսքը»,- ասում է Նադարաիան։

Ֆինանսիստ, Վրաստանի Ազգային բանկի նախկին ղեկավար Գիորգի Քադագիձեն վստահ է. «Երկիրը գտնվում է սուր միգրացիոն ճգնաժամի շեմին», և իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ սահմանափակելու ռուսաստանցիների ժամանումը։ Նա հիշեցնում է, որ Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Ֆինլանդիան արդեն «փաստացի փակել են սահմանը» Ռուսաստանի քաղաքացիների համար։

«Սահմանին կանգնած են տասնյակ հազարավոր միգրանտներ թշնամական պետությունից… Անհրաժեշտ է անհապաղ վիզային ռեժիմ մտցնել, ընդունել նրանց միայն որոշակի չափանիշներով և որոշակի քանակությամբ»,- գրում է Քադագիձեն Facebook-ի իր էջում։

Ռուսաստանում սեպտեմբերի 21-ից մասնակի զորահավաք է հայտարարվել՝ իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են 300 հազար մարդ ուղարկել Ուկրաինա կռվելու։ Այդ օրվանից տասնյակ հազարավոր ռուսներ սկսել են լքել երկիրը։ Ամեն օր Վրաստանի հետ սահմանին սպասվում է միջինը 2-3 հազար ավտոմեքենայի ելք Ռուսաստանի Դաշնությունից։

Հյուսիսային Օսիայի իշխանությունների տվյալներով՝ անցած շաբաթվա ընթացքում Վերին Լարսով երկու ուղղություններով սահմանը հատել է 115 հազար մարդ, ինչը գրեթե 25 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Վրաստանի մաքսակետն անցել է արտակարգ աշխատառեժիմի: Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ավելացել է ոչ միայն Վրաստան եկողների, այլեւ Վրաստանից մեկնողների թիվը։ Թբիլիսին նույնիսկ բանակցություններ է սկսել հարևան երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի մաքսային վարչությունների հետ՝ այլընտրանքային մաքսային հսկողության կետեր փնտրելու համար։

Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին այսօր հայտարարել է, որ, չնայած զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը, իրավիճակը վերահսկելի է։

Ռուսների հոսքը Վրաստան ավելացել էր շատ ավելի վաղ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմը սկսելուց անմիջապես հետո։ Սակայն մինչև անցյալ շաբաթ իրավիճակը վրաց-ռուսական սահմանին առանձնապես չի փոխվել։ Վերջին օրերին Վերին Լարսում 2022 թվականի համար մեքենաներից Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ռեկորդային հերթեր են սկսել գոյանալ։