Ադրբեջանցի բլոգեր Հուսեյն Բակիխանովին, ով ոստիկանական հետապնդումների պատճառով լքել էր հայրենիքը՝ մահացած են գտել Թբիլիսիի իր բնակարանում: Այս մասին հայտնել է մահացածի մտերիմ Ավթանդիլ Մամեդովը, ինչպես նաև ադրբեջանցի լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխթարլին:
Բակիխանովի մահվան հանգամանքների մասին տեղեկատվության համար Netgazeti-ն դիմել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն, դեպքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո դրանք կհրապարակվեն:
Բլոգեր Հուսեյն Բակիխանովը հաճախ քննադատությամբ էր եղույթ ունենում Ադրբեջանի կառավարության հասցեին, ուներ իր յութուբյան ալիքը: Նա ալիքում վերջին տեսանյութերը հրապարակել է հուլիսի 13-ին և 14-ին: Տեսանյութերում, որոնցից մեկը նկարահանվել էր շտապօգնության մեքենայում, նա հայտնում է, որ հուլիսի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ Թբիլիսիի Ազատության հրապարակում ֆիզիկապես հարձակվել են իր վրա: Բակիխանովը նշել է, որ այս մարդկանց հետ ինքը հանդիպել է դեպքից 2-3 օր առաջ:
Նրա համար անսպասելիորեն նրանք անցել են վիրավորանքների, իսկ երբ նա պատասխանել է նրանց, սկսել են ծեծել:
«Հինգ հոգով փորձում էին ինձ նստեցնել մեքենան: Երբ դա նրանց չհաջողվեց, նրանք սկսեցին ծեծել», – նշել է տեսանյութի նկարագրության բաժնում: Այդտեղ Հուսեյն Բակիխանովը նաեւ կասկածանք է հայտնել, որ միջադեպը կապված է Ադրբեջանի կառավարության հետ:
Ըստ Ավթանդիլ Մամեդովի, Բակիխանովը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը եւ ցուցմունքներ տվել: Ինչպես գրում է Մամեդովը՝ Բակիխանովը բանտից ազատվելուց շատ շուտով ժամանել է Թբիլիսի եւ այստեղ ապաստան խնդրել: Նրա խոսքով ՝ վերջին օրերին Հուսեյն Բակիխանովը կապի դուրս չի եկել, որից հետո դիմել է World Vision հասարակական կազմակերպությանը, իսկ հուլիսի 29-ին հայտնի է դարձել, որ Բակիխանովին մահացած են գտել Թբիլիսիի այն բնակարանում, որտեղ նա ապրում էր:
Իր հերթին Աֆգան Մուխթարլին նշում է, որ Ադրբեջանում Բակիխանովը հետապնդվել է ոստիկանության կողմից: Մայիսի 7-ին Թբիլիսի մեկնելուց առաջ Հուսեյն Բակիխանովը Բաքվում մասնակցել է բողոքի ակցիային, որի ընթացքում ձերբակալվել է և դատապարտվել 15 օրվա ազատազրկման:
«Ազատ արձակվելուց հետո նա լրագրողներին ասել էր, որ իրեն ոստիկանները խոշտանգել են: Նա նաև ասել էր, որ իրեն ոստիկանները բռնաբարության սպառնալիք են ներկայացրել: Թբիլիսիում գտնվելու ընթացքում նա անընդհատ քննադատում էր Ադրբեջանի կառավարությանը, ադրբեջանական լրատվամիջոցներում և սեփական ալիքում», – գրել է Աֆգան Մուխթարլին: