Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ժամանեց Երևան։
Սա խոսնակ Փելոսիի առաջին այցն է Հայաստան, իր հաղորդագրությունում նաև նշում է Երևանում ԱՄՆ դեսպանատունը:
ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ՝ սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում նախատեսված է Ներկայացուցիչների պալատի խոսնակի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։
Նենսի Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում»
Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։
Փելոսին իր պաշտոնական կայքէջում հրապարակած հաղորդագրությունում ընդգծում է, որ հպարտ է այցելել Երևան 2019 թվականին Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունումից հետո, որը «Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի սպանությունը ճանաչում է որպես ցեղասպանություն», և «նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին նախագահը դառնալուց հետո»: «Բոլորի բարոյական պարտքն է՝ չմոռանալ երբեք, պարտք, որն առավել հրատապ է դարձել, երբ աշխարհով մեկ վայրագություններ են կատարվում, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ»:
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարում է, որ իր գլխավորած պատվիրակության այցը «խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական Հայաստանին և կայուն ու անվտանգ Կովկասյան տարածաշրջանին Միացյալ Նահանգների ամուր նվիրվածության խորհրդանիշն է»: Հայաստանի ղեկավարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և անվտանգության հաստատությունների անդամների հետ հանդիպումներում Փելոսին պատրաստվում է «փոխանցել Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և Հայաստանի երկարամյա բարեկամի, աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանը»: