Հայաստանը սկսել է ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց։ Այդ մասին ասել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարն ասել է, որ գնագոյացումը տեղի է ունենում դոլարով, սակայն վճարումը կատարվում է ռուբլով։

«Որքան գիտեմ, վերջին մի քանի վճարումը կատարվել է ռուբլով, սակայն համապատասխան փոխարժեքով»,- ասել է նա, հայտնում է ՌԲԿ-ն։

«Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հաստատել է դա։

«Իրոք, ՀՀ գազի առաքման «Գազպրոմի» պայմանագիրն արդեն մի քանի տարի է թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով և այդ հնարավորությունն օգտագործվում է»,- ասել է նա։

Հայաստանը չի միացել ՌԴ դեմ գործող պատժամիջոցներին և ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումն առնչություն չունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մարտի 31-ի հրամանագրով սահմանված կարգին, որով նոր կարգ է սահմանվում ռուսական գազի գնման դիմաց «ոչ բարեկամ երկրների համար»։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել էր, որ մարտի 23-ից բանակցություններ են ընթանում գազի դիմաց ռուբլով վճարելու շուրջ։