Չնայած այն հանգամանքին, որ Սամցխե-Ջավախքի համալսարանի մասնագիտական ուսումնարանի Ախալքալաքի շենքը դեռևս վերանորոգման փուլում է, 2022-2023 ուստարվա համար ուսանողներն ընդունվում են հարցազրույցների միջոցով։ Կարող է ընդունվել ընդհանուր 60 ուսանող։
Սամցխե-Ջավախքի համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեի խոսքով, Ախալքալաքում Սամցխե-Ջավախքի համալսարանի մասնագիտական ուսումնարանի շենքի վերանորոգումը համավարակի պատճառով ձգձգվել էր, սակայն նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև 2023 թվականի գարուն: Մասնագիտական ծրագրերով այս պահին սովորում է 130 ուսանող, այս տարի կա ընդունելության լրացուցիչ 60 տեղ։ Եվս քանի ուսանող կավելանա, պարզ կդառնա հարցազրույցներից հետո։
«Այնտեղ կարող եք տեսնել մասնագիտական կրթության համար ժամանակակից պատրաստված դասասենյակներ: Հարցազրույցներն արդեն սկսվել են և նոր հոսք է սպասվում: Երրորդ մասնաշենքում դեռ դասերն ընթանում են: Հատկանշական է, որ մեր համալսարանում սովորում են մաքսային գործ, հաշվապահություն, համակարգչային ցանցեր և համակարգեր, կարող են սովորել և՛ դպրոցի 12-րդ դասարանն ավարտած անձինք, և՛ իններորդ դասարանցիները: Նրանք կարող են ավարտել ուսումը դպրոցում և միևնույն ժամանակ մասնագիտություն ձեռք բերել: Նման աշակերտներ արդեն գրանցված են, հուսով եմ, որ ապագայում նրանք ցանկություն կունենան շարունակել ուսումը։ Մենք ունենք նաև անտառային գործ, այգեգործի մասնագիտություն, շուտով կավելացնենք անասնաբույժի, մեխանիկի մասնագիտությունները»,- ասում է Մակա Բերիձեն։
Նշենք, որ երրորդ տարին է, ինչ Ախալքալաքի Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի մասնաճյուղի 4-րդ մասնաշենքում վերանորոգման աշխատանքներ են տարվում, որտեղ պետք է անցկացվեն մասնագիտական կրթության դասընթացները։
Կարդացեք նաև՝
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի 3-րդ մասնաշենքը պատրաստ է ընդունել ուսանողներին