Անցյալ շաբաթվա վերջ վրացական տեղեկատվական ռեսուրսները տեղեկատվություն տարածեցին միասնական պետական քննություններում լեզուների փոփոխության մասին, ինչն էլ Ախալքալաքի Սակրեբուլոյում հայտարարության առիթ դարձավ:
«Վրաստան Online» տեղեկատվական կայքը տեղեկատվություն է տարածել միասնական ազգային քննություններում մտցվող փոփոխությունների մասին, որը կատարվել է ըստ Վրաստանի Կրթության և գիտության նոր նախարար Միխայիլ Չխենկելիի նոր հրամանի: Իմաստը նրանում է, որ միասնական ազգային քննություններին դիմորդները ընտրովի առարկաների քննությունը կհանձնեն վրացերեն լեզվով: Բացառություն թույլատրվում է միայն այն անձանց համար ովքեր կրթություն են ստանում Վրաստանի օկուպացված տարածքներում: Փոփոխությունները մտնում են 2011թ.-ի փետրվարի 18-ի №19 հրամանի մեջ, Վրաստանի Կրթության և գիտության «Միասնական ազգային քննությունների անցկացման վիճակի և պետական կրթական դրամաշնորհի բաշխման կարգի հաստատման վերաբերյալ»:
Ինչպես տեղեկացնում է «Վրաստան Online»-ը, Միխայիլ Չխենկելիի հրամանում ասվում է, որ դիմորդը, ով ստացել է միջնակարգ կրթություն օկուպացված տարածքում, իրավունք ունի հանձնելու մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, նկարչություն և կիրառական արվեստ, և քաղաքացիական կրթություն քննությունները ռուսերեն լեզվով:
Իր նյութի վերջում առցանց ԶԼՄ-ն գրում է. «Ըստ գնահատականների և քննությունների Ազգային կենտրոնի տեղեկատվության, այդ փոփոխությունը չի ազդի ընդհանուր ունակությունների քննությանը, որոնք կանցկացվեն վրացերեն, ադրբեջաներեն, աբխազերեն, օսերեն, և ռուսերեն լեզուներով»:
Այս հոդվածը որոշ հարցեր է առաջացրել Ջավախքի բնակիչների շրջանում: Դիմորդները հետաքրքրվեցին, թե նախարարի հրամանը նշանակում է, որ «1+4» ծրագիրը չի գործի: Բացի այդ, նշված լեզուներում չի նշվում հայերենը, դա նշանակում է, որ նրանք չեն կարողանա հանձնել քննությունը հայերեն լեզվով:
Բնակչության մյուս մասը, ով ուշադրություն դարձրեց այս հոդվածին, «Վրաստանի հայրենասերների դաշինքի» Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավորներն էին, որոնք այս տեղեկատվությունը սեփական կերպով մեկնաբանեցին:
Նոյեմբերի 24-ին Սակրեբուլոյի նիստի ավարտին «Դաշինքի» պատգամավոր Սամվել Պետրոսյանը խոսք խնդրեց: Նա առաջարկեց, որ Ախալքալաքի Սակրեբուլոն նամակ ուղարկի Վրաստանի Կրթության և գիտության նախարարությանը նախարարի վերջին հրամանի կապակցությամբ: Որի համաձայն, 2018 թվականից Վրաստանի բոլոր դիմորդները ընտրած առարկաների քննությունները ստիպված կլինեն հանձնել վրացերեն լեզվով: Ըստ Պետրոսյանի, դիմորդները իրավունք ունեն քննություններ հանձնելու վրացերեն, օսերեն, աբխազերեն և ադրբեջաներեն լեզուներով, իսկ հայերենով` ոչ:
Պարզելու համար, թե ինչումն էր կայանում կոնկրետ հրամանը, մենք դիմեցինք Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության Նախարարության գրասենյակ, որն անմիջականորեն զբաղվում է ազգային փոքրամասնությունների հարցերով: Նրանք պարզաբանեցին, որ իրենց խնդրանքով Կրթության և գիտության նախարարությունը պատասխանել է, որ 1+4 ծրագրում փոփոխություն չկա: Ինչպես նախկինում ընդհանուր հմտությունները ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կհանձնեն հայերեն, ադրբեջաներեն, օսերեն և աբխազերեն լեզուներով:
‘
Փոփոխությունները վերաբերում են այն դիմորդներին, ովքեր սովորաբար հանձնում են միասնական քննություն գումարած չորս առարկաներ, և եթե մինչ հրամանը դրանք հնարավոր էր հանձնել ռուսերենով, այժմ հնարավոր է հանձնել միայն վրացերենով:
Այնպես որ, «Վրաստան Online»-ի տեղեկատվությունը պարզապես չի ճշտել, որ ընդհանուր հմտության քննությունը հանձնվում է նաև հայերենով:
Քրիստինե Մարաբյան