Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում Ախալքալաքում ժամանակ առ ժամանակ շրջանառվում են լուրեր երեխաների առևանգման մասին: Այդ լուրերը տարածվում են, որ իբր առևանգում է տեղի ունեցել Ախալքալաքում, ոմանք համոզված են, որ Ախալցիխեում, սակայն նմանատիպ բան չի եղել: Ըստ «Մթավարի արխի» հեռուստատեսության տեղեկության, երեխայի առևանգման հնարավոր փորձ տեղի է ունեցել Գորիի դպրոցներից մեկի մոտ:
Երեք շաբաթ է արդեն Ջավախքում խոսում են երեխայի առևանգման մասին, ինչպես նաև իբր անհայտ մարդիկ մտել են դպրոցներ և պահանջել երեխաներին իրենց մոտ տանել ստուգման: Սակայն կեղծ լուրերում նշված կոնկրետ տեղերը ստուգելուց հետո պարզվում է՝ նման բան այստեղ չի եղել:
Ըստ «Մթավարի արխի» հեռուստատեսության, Գորի քաղաքի դպրոցներից մեկում տեղի է ունեցել երեխաների առևանգման հնարավոր դեպք, երբ անծանոթ մարդիկ մոտեցել են երեխաներին և առաջարկել գումար մեքենան նստելու և իրենց հետ գնալու համար։
«Մթավարի արխի»-ի ռեպորտաժում երեխաները պատմում են իրենց մոտեցած անծանոթ անձանց մասին:
«Դպրոցից տուն էի գնում, երբ անծանոթ մարդիկ մոտեցան ինձ սպիտակ մեքենայով, ասեցին, որ իրենց ուղարկել է իմ մայրը, որ ինձ տանեն տուն, բայց ես չհամաձայնվեցի նստել մեքենան», – պատմում է մի երեխա։
Մեկ այլ երեխայի խոսքով, իրեն առաջարկել են 20 լարի գումար մեքենան նստելու համար։
Նույն դպրոցի տնօրենը բացառում է նման դեպք ուսումնական գործընթացի ժամանակ, հավելելով, որ դպրոցում անվտանգությունն ապահովված է, իսկ խուճապի պատճառն ըստ տնօրենի՝ շրջանառվող տեղեկություններն են։
«Մթավարի արխի»-ի լրագրողի խոսքով, իրենք կապվել են Ներքին գործերի նախարարության հետ, բայց ոչ բոլոր հարցերի պատասխաններն են ստացել, նրանց միայն ասել են, որ ընթանում են տեղեկությունների ստուգման աշխատանքներ։
Հարկ է նշել, որ 2-3 օր է Վրաստանի շատ դպրոցների, այդ թվում՝ Ախալքալաքի դպրոցների տարածքում, հսկում են ոստիկանության աշխատակիցները:
Գրիշա Մկրտչյան