Ախալքալաքի շրջանի որոշ դպրոցներում կորոնավիրուսի կանխարգելման ախտահանումն արդեն իրականացվել է սեփական ջանքերով և միջոցներով, իսկ այսօր դպրոցներում ախտահանումն իրականացվելու է հատուկ միջոցներով, մասնագիտացված ընկերությունների կողմից, ԿԳՆ-ի հանձնարարականով, բայց դրա համար վճարելու են դպրոցները:
Ախալքալաքի Մունիցիպալիտետի կրթական ռեսուրսի կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի խոսքերով, այսօր շրջանի դպրոցներում կսկսվեն ախտահանման աշխատանքներ: Այս պահին դպրոցներում արձակուրդներ են հայտարարված և մինչև մարտի 16-ը աշխատանքները պետք է ավարտվեն:
«Ախտահանումը կիրականացվի լիցենզավորված ընկերությունների կողմից, դեղամիջոցերի ընտրությունը հաստատված է նախարարության կողմից: Տարբեր քաղաքներից մի շարք ընկերություններ կան: Ընտրվել են այն ընկերությունները, որոնք աշխատում են առավել մատչելի գներով », – ասաց Թերեզա Չիվչյանը:
Դպրոցների տնօրեններն իրենք պետք է պայմանավորվեն և ընկերությունների հետ պայմանագիր կնքեն:
Քաղաքային դպրոցներում ախտահանումը հիմնականում իրականացվել է քլոր պարունակող սեփական միջոցներով:
«Մենք այսօր ենք իրականացնում, սկզբում առաջին հարկը, ապա՝ երկրորդը: Մենք ախտահանում ենք կատարում «Դոմեստոս »-ով և ժավելով: Հատուկ ախտահանիչ միջոցներ ես չգիտեմ, նաև չգիտեմ, թե որտեղից գտնել դրանք: Մենք արդեն մեկ անգամ ախտահանել ենք դպրոցը », – երեկ մեզ ասաց թիվ 1 դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանը:
Թիվ 2 դպրոցը օգնության համար դիմել է քաղաքապետարան և ախտահանումն իրականացրել է հատուկ միջոցներով:
«Մենք այս պահին իրականացնում ենք ախտահանում: Մենք ախտահանել ենք «դոմեստոսով», իսկ այժմ իրականացնում ենք հատուկ հեղուկացիրներով, մեզ օգնեց մունիցիպալիտետի քաղաքապետարանը, օգնության համար դիմեցինք նրանց, և նրանք չմերժեցին », – երեկ մեզ հեռախոսազանգով ասաց թիվ 2 դպրոցի տնօրեն Կարինե Նահատակյանը:
«Մենք մեկ անգամ արդեն մաքրել ենք «դոմեստոսով», իսկ ուրբաթ օրը պատրաստվում ենք իրականացնել հատուկ դեղամիջոցներով, բայց չգիտենք, թե որտեղից կարելի է գնել ավելի էժան: Ռեսուրս կենտրոնը տվել է հեռախոսահամարներ, բայց նրանց գինը թանկ է, մեզ համար մատչելի չէ, ուզում ենք ավելի էժան », – ասաց թիվ 3 դպրոցի տնօրեն Թամար Օձելաշվիլին:
«Մենք խնդրեցինք ռեսուրս-կենտրոնից մեզ համար Թբիլիսիից ընկերություն գտնել, նրանք խոստացան, որ կպատասխանեն այսօր, մենք սպասում ենք, համենայն դեպս մենք մեկ անգամ արդեն մեր սեփական միջոցներով անցկացրել ենք ախտահանում», – երեկ մեզ ասաց թիվ 4 դպրոցի տնօրեն Նաթելլա Գրիգորյանը:
Թիվ 5 դպրոցի տնօրենը նախկինում կապվել էր ընկերության հետ, սակայն նրանց գները մատչելի չեն եղել դպրոցի համար:
«Անցած ուրբաթ մենք մեր սեփական միջոցներով (դոմեստոս, քլոր) ախտահանեցինք», – ասաց թիվ 5 դպրոցի տնօրեն Էմմա Նահատակյանը:
Արդյոք դպրոցները համաձայնության կգան նախարարության կողմից ընտրված ընկերությունների հետ, թե ոչ, պարզ կդառնա շաբաթվա վերջում: