Այսօր՝ սեպտեմբերի 7-ի առավոտյան, Ախալքալաքի մունիցիպալիտետի Թոթխամ, Չունչխա, Պտենա, Դիլիսկա, Խուլգումո գյուղերում և Կուլիկամ գյուղի մի հատվածում բնակիչները մնացել են առանց ջրի։ Ջրամատակարար ընկերությունն աշխատում է ջրամատակարարման համակարգի բարելավման ուղղությամբ։
Ջրամատակարարման գործընթացը բարելավելու և խողովակներում ճնշումը բարձրացնելու նպատակով՝ Թոթխամ, Չունչխա, Պտենա, Խուլգումո և Կուլիկամ գյուղերում, Վրաստանի Միավորված ջրամատակարարման ծառայության կենտրոնը ջրամատակարարման համակարգերի վերանորոգում է իրականացնում։ Սպասարկման կենտրոնից հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ջրամատակարարումը չի վերականգնվի, որոշ աշխատանքների ավարտով հնարավոր է, որ ջրամատակարարումը վերականգնվի՝ կամ վաղը երեկոյան, կամ հաջորդ օրվա ընթացքում։
«Մենք այդ գյուղերի ներկայացուցիչներին տեղեկացրել ենք, որ եթե այդ գյուղերին ջուր մատակարարելու անհրաժեշտություն լինի, մենք պատրաստ ենք դա անել, թող դիմեն մեզ»,- ասաց Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի ղեկավար Գիորգի Վախթանգիշվիլին։