Թիվ 4 դպրոցի ցանկապատի մոտ՝ Աղմաշենեբելի-Սարգսյան խաչմերուկում գտնվող աղբամանները դպրոցի բակի մշտական ​​աղտոտման պատճառն են հանդիսանում: Դպրոցի ղեկավարությունը տարիներ շարունակ բողոքում է այս մասին: Քաղաքապետարանից ասում են, որ դա բարդ խնդիր չէ, այն լուծելը հեշտ է: Խնդրի լուծման տարբեր հնարավորություններ են առաջարկվել Ախալքալաքի Սպասարկման կենտրոնից:

Չորս աղբամանները տեղադրված են անմիջապես թիվ 4 դպրոցի բակի ցանկապատի քարե պատի տակ: Արդյունքում, անբարեխիղճ բնակիչները, որոնք, ըստ երեւույթին, ճշգրիտ դիտակետ չունեն, աղբի տոպրակները նետում են ոչ թե անմիջապես աղբարկղը, այլ պատի վրայով՝ դեպի բակը: Այս բնակիչներին օգնում են «բարեխիղճ» շները, որոնք որոշում են աղբով լի տոպրակները փորփրել գաղտնի տեղում, այլ մարդկանց աչքից հեռու և աղբը տեղափոխում են դպրոցի բակ: Արդյունքում բակը աղտոտվում է:

Օրերս Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցները մաքրել էին դպրոցի բակում հավաքված աղբը, բայց մի քանի օր էլ չանցավ և հայտնվեցին աղբի նոր տոպրակներ և աղբակույտ:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, որ նման խնդիր գոյություն ունի, և ասաց, որ դա դժվար չէ լուծել: Սակայն այս հարցով քաղաքապետարանին չեն դիմել: Ախալքալաքի Սպասարկման կենտրոնից հայտնեցին, որ տեղյակ են խնդրի մասին:

«Այս հարցը քննարկվել է դեռ 2019 թ.-ին: Դրանից ավելի հարմար տեղ չկա այդ տարածքում: Պարզապես պետք է ինչ-որ բան մտածել, որպեսզի աղբը բակ չընկնի», – ասաց Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:

Այս խնդրի լուծումը, ըստ Արմեն Բիչախչյանի, գեղեցիկ շվաքարանն է՝ նման Սպասարկման կենտրոնի կողմից Խաս Բախչա կենտրոնական այգու մոտակայքում կառուցվածին: Արմեն Բիչախչյանը գաղափար ուներ կառուցել այդպիսի շվաքարաններ ամբողջ քաղաքում, որպեսզի լիներ թե էսթետիկ, և թե մաքուր:

Թերևս, խնդրի ամենաէժան լուծումը, ըստ Արմեն Բիչախչյանի՝ ցանցն է:

«Բառացիորեն 300-400 լարիով կարելի է գնել երկու խողովակ և ցանց ու այս ցանցից ավելի բարձր ցանկապատ սարքել, այդ դեպքում ոչ մարդիկ կկարողանան պատից գցել, ոչ էլ շները այնտեղ աղբը կտեղափոխեն: Եթե շինանյութը տրամադրեն, մենք կարող ենք դա անել», – ասում է նա:

Իսկ որպես խնդրի ժամանակավոր լուծում՝ Արմեն Բիչախչյանն ասաց, որ Սպասարկման կենտրոնի աշխատակիցները կրկին կմաքրեն տարածքը և պարբերաբար կմաքրեն նաև դպրոցի բակը:

Նախքան նյութը հրապարակելը, Սպասարկման կենտրոնի աշխատակիցները մաքրել էին դպրոցի բակը: