Վերջերս փակվեցին Ախալքալաքում լայն տարածում գտած ֆինանսական բուրգերը, սակայն հաշված օրեր անց սկսեցին տարածվել դրանց նոր տեսակները:

Զարմանալի է, բայց իրողություն, եղածից դաս չենք քաղում: Մարդիկ նորից ներքաշվում են այդ ամենի մեջ, որոշներն արդեն փակված կայքերում կորցրած փողերը վերադարձնելու հույսով, փորձում են այլ կայքերում գումար ներդնել, արդյունքում էլ ավելի
են սուզվում ֆինանսական բուրգ կոչվող ճահճի մեջ:

«Ես գրանցված չեմ նոր կայքերում ու խորհուրդ չեմ տալիս ոչ ոքի գրանցվել: Իմ կարծիքով, Ախալքալաքի մոտ 20%-ն արդեն գրանցվել է։ Մեծ մասամբ գրանցվում են նրանք, ովքեր փակված կայքերում փող են կորցրել։ Խորհուրդս է բոլորին՝ վերջին փողերը չդնեն կայքերի մեջ, ոսկիները գրավ չդնեն, սա կազինո է, չմտնեն ոչ մի ֆինանսական բուրգի մեջ», – Jnews-ի հետ զրույցում ասաց Մարտին Մուրադյանը:

Երիտասարդը, ով ներգրավված էր նախկին կայքերում և հույս ուներ, որ գումար է վաստակելու, բայց կորցրել ամբողջ ներդրածը, հիմա արդեն վստահեցնում է՝ սա ծուղակ է:

«Ընդհանրապես պետք չէ մտնել այդ խաղերի մեջ, ֆինանսական բուրգերի մեջ խելացի աշխատել հնարավոր չէ, խաբեություն է և վերջ», – ասաց Մ. Մ.-յանը:

Սակայն կան մարդիկ, որ արդեն հասցրել են գրանցվել նոր կայքերում:

«Փակված կայքերից օգուտով դուրս եկա: Իմ կարծիքով, այն կայքերում, որտեղ ներդրում ես անում սկզբնական շրջանում հնարավոր է գումար աշխատել ու օգուտով դուրս գալ: Ամեն ինչ ռիսկի հետ է կապված, ես ռիսկի դիմել սիրում եմ ու ահագին հասկանում եմ նմանատիպ ծրագրերից։ Ճիշտ է, սոցիալական ցանցերում գրառումներ եմ անում, բայց բոլորին զգուշացնում եմ, որ վտանգավոր է, ոչ ոքի չեմ հրավիրում: Սա այնպիսի հարց է, որ յուաքանչյուրն ինքն է որոշում, ինչ անի», – Jnews-ին ասաց Գ․ Բ․-ն ով արդեն ներգրավված է նոր ֆինանսական բուրգերում:

Թե ինչ արդյունք բերեցին Tesla, List Allegro և նմանատիպ ֆինանսական բուրգերը, բոլորին է հայտնի։ Ոմանք ներդրեցին սեփական քրտինքով աշխատած խնայողությունները, որոշները վարկեր վերցրեցին, ոսկի գրավադրեցին և հայտնվեցին անելանելի իրավիճակում: