Երեկ՝ օգոստոսի 30-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն հաստատեց 2022 թվականի բյուջեի հերթական փոփոխությունները։ Պատգամավորները քննարկեցին նաև մունիցիպալիտետում առկա արդիական խնդիրները։
Քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանը պատգամավորներին ներկայացրեց բյուջեի փոփոխությունները։ Նա պատգամավորներին ծանոթացրեց նոր պետական տրանշի, որը կազմում է 2 000 000 լարի, այդ միջոցներով իրականացված չորս նախագծերի և 384 706 լարիի չափով մունիցիպալ ներդրման հետ։ Նա ծանոթացրեց նաեւ տեղական բյուջեի հաշվին իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների հետ, որի ընդհանուրը գումարը կազմում է 887 627 լարի:
Պատգամավոր Սիփան Շիպակցյանը բարձրացրեց սոցիալապես անապահովների համակարգում միավորների անարդար հաշվարկի հարցը, քանի որ բազմաթիվ բողոքներ է ստանում։
Պատգամավոր Համլետ Մովսեսյանը բարձրացրեց Բուղաշեն գյուղի խմելու ջրի հարցը.
«Ես սա ամեն հանդիպման ժամանակ ասում եմ, մյուս գյուղերում ճանապարհները հարթեցնում եք, իսկ Բուղաշենում խմելու ջուր չկա: 2 կմ խողովակ պետք է անցկացվի և ջուր կլինի, պետք է գնել խողովակներ»,- ասաց Համլետ Մովսեսյանը։
Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն էլ դիտողություն արեց, որ որոշ գյուղերի ավելի շատ միջոցներ են հատկացվում, իսկ որոշներին՝ ընդհանրապես չեն հատկացվում։ Նա նկատողություն արեց, որ գյուղերում անհրաժեշտ է հավասարակշռություն պահպանել աշխատանքները պլանավորելիս։
«Բոլոր գյուղերը եկեք հասցնենք հավասար պայմանների, հետո կսկսենք այլ աշխատանքները: Առաջնահերթ, իհարկե, խմելու ջրի խնդիրն է: Կան գյուղեր, որոնց շատ ենք հատկացնում, իսկ կան գյուղեր՝ քիչ: Հաջորդ ամիս ուշադրություն դարձրեք այս հարցին, տենդերների խնայողություններից, մնացորդներից, Բուղաշենի համար միջոցներ հատկացրեք»,- ասաց Նաիրի Իրիցյանը։
Համլետ Մովսեսյանի խոսքով, իրենք պայմանավորվածություն են ունեցել, որ առաջին փուլում խողովակներ պիտի գնեին, հետո տեղադրեին։ Նախագծի գումարը կազմում է 110 000 լարի։
Բյուրոյի նիստին ներկա էր Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։ Նա լսեց, բայց կոնկրետ պատասխան չտվեց։
Պատգամավորները լսեցին նաև 2022 թվականի առաջին կիսամյակի ծրագրային բյուջեի կատարման հաշվետվությունը։
Օրակարգային հարցերի հաստատումից հետո ընդդիմադիր «Լելո» կուսակցության պատգամավոր Զաքար Զաքարյանը բարձրացրեց թափառող շների հարցը, թե երբ են բռնելու թափառող շներին, որոնք վախի մեջ են պահում բնակչությանը։
Այս հարցին Մնացական Փամբուխչյանն ասաց, որ իրենք փակուղում են, չգիտեն ինչ անել, և եթե պատգամավորները գիտեն ելքը, թող օգնեն։