Սակրեբուլոյի պատգամավորների նիստի օրակարգում հետևյալ հինգ հարցերն էին. Ախալքալաքի քաղաքապետարանի 2020 թ. ծրագրային բյուջեի կատարման հաշվետվություն և գնահատում, ենթակառուցվածքային աշխատանքների և ՕԳԾ-ի աշխատանքների հաստատում, Ախալքալաքի ՇԸՀ-ին օգտագործման համար տարածքի տրամադրում:
Մարտի 25-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում կայացավ լիագումար նիստ:
1. 2020 ծրագրային բյուջեի կատարման հաշվետվություն և գնահատում: Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Մկրտիչ Մղդեսյանը պատգամավորներին զեկուցեց կատարված աշխատանքների մասին: Նա հայտարարեց մունիցիպալիտետի եկամուտների և ծախսերի թվերը, տարբեր հիմնադրամներից ստացված գումարները, որոնք ծախսվել են տարբեր ենթակառուցվածքային աշխատանքների և այլ ֆինանսական գործառությունների մասին: Դրանից հետո պատգամավորները աշխատանքը գնահատեցին բավարար:
2. Երկրորդ հարցը վերաբերում էր Ջավախիշվիլի փողոցի №2 -ում հասցեում գտնվող(առաջին հարկ) 321 ք / մ տարածքի անվճար հատկացմանը Շրջանային ընտրական հանձնաժողովին, ուզուֆրուկտի (ուրիշի գույքի օգտագործման իրավունք) սկզբունքով: Պատգամավորները համաձայնեցին հաստատել: Այս մասին պատգամավորներին տեղեկացրեց Էկոնոմիկայի եւ գույքի ծառայության ներկայացուցիչ Սամվել Մուրադյանը:
3. Պատգամավորները համաձայնեցին http://www.akhalkalaki.ge/ կայքում հրապարակել մունիցիպալիտետի տարածքում վարչական իրավախախտումներ թույլ տված անձանց անդորրագրերը, որոնք կարձանագրվեն տեսա-լուսանկարչական սարքերով: Նորամուծության մասին պատգամավորներին տեղեկացրեց Քաղաքապետարանի իրավաբանական ծառայության վարչա-իրավական բաժնի պետ Վրեժ Բերիկյանը:
4. Պատգամավորները հաստատեցին 34 ենթակառուցվածքային աշխատանքների ցանկը, որոնց նախագծերը քաղաքապետարանն արդեն ունի: Ֆինանսների առկայության դեպքում դրանք կիրականացվեն: Պատգամավորները հաստատեցին նաև 83 ենթակառուցվածքային աշխատանքներ, որոնք գյուղերն ընտրել են ՕԳ ծրագրի շրջանակներում:
Վերոնշյալ աշխատանքների մասին պատգամավորներին զեկուցեց քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Ռաֆիկ Աբաջյանը: Ենթակառուցվածքային աշխատանքների ցուցակում ընդգրկված է քաղաքի երեք բարձրահարկ շենքերի տանիքների վերականգնում:
Պատգամավոր Մելքոն Մակարյանը բարձրացրեց աշխատանքների ցուցակում ներառված շենքերի տանիքների վերականգնման հարցը:
«Մենք որոշել էինք, որ գումար չենք հատկացնելու բազմահարկ շենքերի տանիքների նորոգման համար, քանի որ դրանք մասնավոր սեփականություն են: Ինչու են նորից մտցրել: Իսկ գումարն ամենեւին էլ փոքր չէ, ամեն տարի գոնե մեկ շենք ներառվեր, մենք շատ խնդիրներ ունենք մունիցիպալիտետում: Տները մասնավոր սեփականություն են, թող իրենք ինքնուրույն դա անեն », – ասաց Մելքոն Մակարյանը:
Երեք բազմահարկ շենքերի տանիքների նորոգման համար հատկացված գումարը կազմում է 119 103 լարի:
Քաղաքապետարանի գույքի և պլանավորման ծառայության մասնագետ Վահան Բաթոյանն ասաց, որ իրենք ճիշտ են վարվում, դրանով իրենք պահպանում են մունիցիպալիտետի բնակարանային ֆոնդը, քանի որ մարդիկ իրենց հաշվին ի վիճակի չեն նման աշխատանքներ իրականացնել:
Պատգամավոր Համլետ Մովսիսյանը բողոք ուներ, որ բյուջեն ռացիոնալ չի օգտագործվում, մի գյուղում նախատեսված է մի քանի աշխատանքներ, իսկ մյուսներում ընդհանրապես որևէ աշխատանք չի կատարվում:
«Կարծախ և Չունչխա գյուղերում հինգ աշխատանք է տարվում, իսկ Աբուլում` ոչ մի: Յուրաքանչյուր գյուղ էլ ունի խնդիրներ, մենք պետք է այնպես անենք, որ բոլոր գյուղերն էլ ներգրավվեն: Գյուղեր կան, որտեղ չկա խմելու ջուր, բայց այս հարցը չենք լուծում, և այլ գյուղում կառուցում ենք մարզադաշտ կամ դրա շուրջ ցանկապատ», – ասաց Համլետ Մովսիսյանը:
Սակայն, միեւնույն է, պատգամավորները համաձայնություն տվեցին իրականացնել ներկայացված բոլոր աշխատանքները:
Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը շնորհակալություն հայտնեց պատգամավոր Վաղարշակ Առաքելյանին, մարտի 24-ին առատ ձյան և անձրևի պատճառով առաջացած ջրհեղեղի ժամանակ Սուլդա, Դադեշ, Բոզալի և Վաչիան գյուղերում ժամանակին իրականացված աշխատանքների համար: