Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները քննարկում են տեղական ինքնակառավարման տարբեր կազմակերպությունների աշխատանքը, ինչպես նաեւ շրջանի բնակչությանը հուզող հարցեր: Երեկ քննարկվել է գյուղատնտեսական նշանակության հողամասերի խնդրահարույց գրանցման, Մանկապարտեզների միավորման և «Ախալքալաքի սպասարկման կենտրոնի» աշխատանքը:
Քաղաքապետարանի գույքի և պլանավորման վարչության մասնագետ Ավագ Արևյանը և քաղաքապետարանի իրավաբանական ծառայության պետ Խաչատուր Ալեքսանյանը խոսել են գյուղատնտեսական նշանակության հողամասերի գրանցման ընթացակարգերի ձգձգման հետ կապված խնդիրների և այս ուղղությամբ տարվող աշխատանքի մասին, կադրերի պակասության խնդրի մասին և այն հարցերի շուրջ, որոնք մունիցիպալիտետն իրավասու չէ լուծել:
Ավագ Արեւյանի խոսքով, կան գյուղացիների կողմից մշակվող հողակտորներ, որոնք պատկանում են մունիցիպալիտետին, բայց ռեեստրում գրանցված են որպես պետական սեփականություն:
Խաչատուր Ալեքսանյանը պատմել է գյուղատնտեսական նշանակության հողամասերի գրանցման համար քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքի սկզբունքը: Խոսել է գրանցման ընթացակարգի ձգձգման խնդիրների և պատճառների մասին: Նա առաջարկել է այս հարցում հնարավորինս ընդգրկել գյուղերի լիազորներին և ասել, որ բացի խնդիրներից, բոլոր փաստաթղթերի պատրաստումն ու ստուգումը շատ ժամանակ է պահանջում:
Լսելով քաղաքապետարանի աշխատակիցների փաստարկները գրանցման ընթացակարգի ձգձգման պատճառի մասին, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը խորհուրդ է տվել նախարարությանը դիմել նամակով, այլ ոչ թե հեռախոսով:
«Եթե կան խնդիրներ, որոնք լուծելու իրավասություն չունեք, դիմեք նախարարությանը, բայց ոչ թե հեռախոսով, այլ նամակով: Մենք կխնդրենք քաղաքապետարանին այս գործընթացում ավելի շատ մարդկանց ներգրավել և մեծացնել գյուղերի ներկայացուցիչների լիազորությունները», – ասել է Նաիրի Իրիցյանը։
Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը նշել է, որ այս տարի ֆինանսավորման կրճատման պատճառով ինքը դեռ չի կարող մանկապարտեզների սննդի համաև տենդեր հայտարարել:
«Գումարը կրճատել են և բացի այդ բացել են 4 մանկապարտեզ: Ես դեռ չեմ կարող տենդեր հայտարարել սննդի համար: Ես վերցրել եմ 2018-ի սննդացանկը և այն տվել աուդիտին` այն ստուգելու, որպեսզի իմանամ, թե արդյոք կարող եմ այդպես տենդեր հայտարարել: Դուք ինքներդ գիտեք, որ ամեն ինչ թանկացել է, իսկ գումարը կրճատել են: Ես ինչ և ինչքան հնարավոր էր կրճատել եմ, բայց չեմ կարող տեղավորվել այդ գումարի մեջ », – ասել է Անահիտ Ասատուրյանը:
Քննարկվել է նաև մանկապարտեզի դաստիարակների վերապատրաստման հարցը:
Դրանից հետո Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը զեկուցել է իր աշխատանքի մասին: Նրա խոսքով, աղբատար մեքենաների, այլ սարքավորումների պակաս կա, իսկ եղած տրանսպորտային միջոցներն արդեն հնացած են և հաճախ են շարքից դուրս գալիս: Նա նաև ասել է, որ իրենց եկամուտներն այս տարի նվազել են, քանի որ ռեստորանները, հարսանյաց տները չեն աշխատում, և բացի այդ, նրանք չեն հավաքել բնակչությունից աղբահանության ծառայության համար գումարը:
Քննարկել են նաև որոշ մարդկանց անբարեխիղճ պահվածքը, ովքեր ամեն ինչ փչացնում են, կոտրում և գողանում: Արմեն Բիչախչյանն ասել է, որ ինքը լծակներ չունի այս մարդկանց պատժելու համար:
«Մեր հանդիպումը կազմակերպվել է բնակչությանը օգնելու նպատակով, եթե հարկավոր է կապ հաստատել որևէ մեկի հետ, մենք պատրաստ ենք դա անել: Մենք տեսնում ենք ձեր աշխատանքը, բայց ուզում ենք, որ աշխատանքն էլ ավելի լավը լինի: Այսօր մենք ուզում ենք ավելի լավ աշխատանքի ուղիներ գտնել, ինչպես նաև՝լուծումներ » , – ասել է Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը: