Վրաստանի արտաքին քաղաքականության, կառավարության փոփոխությունների ու վարքագծի, Սաակաշվիլիի հեռանալու, ներքաղաքական նրբությունների և շատ այլ բաների մասին JNEWS-ը զրուցել է քաղաքագետ Գելա Վասաձեի հետ։

Ի՞նչ է փոխվել Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ վերջին 6 ամիսների ընթացքում:

– Վրաստանի արտաքին քաղաքականությունը մեծ հաշվով չի փոխվել։ Չնայած կան բավականին տագնապալի ազդանշաններ: Տագնապալի ազդանշաններ այն առումով, որ մեր կառավարությունն իրեն պահում է Թուրքիայի կառավարության պես՝ մոռանալով, որ մենք Թուրքիան չենք։ Այսինքն՝ մասշտաբները բոլորովին այլ են։ Թուրքիան կարող է դեր խաղալ, օրինակ, Ռուսաստանի հետ, չնայած Թուրքիային իրականում այդքան էլ թույլ չեն տալիս, իսկ մեր մասին նույնիսկ խոսք անգամ չի կարող լինել։ Բայց մեր կառավարությունը փորձում է Արևմուտքին ապացուցել, թե ինչու չի կարելի մեր միջոցով դա անել։ Դե, չի կարելի: Դրա համար կպատժեն։ Այն էլ կպատժեն ոչ միայն իրենց, այլև մեզ բոլորիս։ Հենց սա էլ ամենացավալին է։ Ամեն ինչ կարող է լինել, առաջին հերթին, երկրորդական պատժամիջոցները։

Հաճախ արևմտյան արտաքին քաղաքականության մեջ քննարկվում է ներկայիս իշխանությունների անկայունության հարցը, որքանո՞վ է դա արդարացի:

– Քաղաքականության որևէ փոփոխություն չկա։ Մարդիկ ուզում են փող աշխատել: Դա այնքան պարզ է, որքան երկու անգամ երկուսը՝ չորս է: Եվ երկրորդը, միգուցե նրանք չեն կարող մերժել ինչ-որ մեկին: Սա անցում չէ, այստեղից է ամեն ինչ գալիս, որ թողեք մենք էլ փող աշխատենք այս ամենի վրա։ Ուրիշները հո՞ աշխատում են: Բայց չեն թողնում ու չեն էլ թողնի։ Եվ ի վերջո սա շատ ցավալի հետևանքների կբերի ոչ միայն իրենց, այլև երկրի համար։

Վերջերս ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի կողմից հնչում են քննադատական հայտարարություններ Վրաստանի կառավարության առանձին ներկայացուցիչների կամ գործողությունների նկատմամբ։ Այս հայտարարությունները գնալով ավելի են կոշտանում։ Ի՞նչ կարող է դա նշանակել և ի՞նչ հետևանքներ կունենան դրանք:

– Սա կարող է նշանակել, որ ԱՄՆ-ն ասում է՝ «պարոնայք, մենք ձեզանից շատ դժգոհ ենք, մենք ձեր երկրում շատ լուրջ ռեսուրսներ ենք ներդրել և ամենևին էլ ոչ նրա համար, որ կրիտիկական պահ լինի, և դուք ձեզ այսկերպ պահեք»։ Ահա թե ինչ կարող է նշանակել, ոչ ավելին:

Միխեիլ Սաակաշվիլին իրապե՞ս հեռացել է քաղաքականությունից:

– Նա հիվանդ մարդ է, նրա կյանքին իսկապես վտանգ է սպառնում։ Հետևաբար դա այդպես է։ Առողջական վիճակը նրան թույլ չի տալիս լինել ակտիվ քաղաքականության մեջ։ Եվ երբևէ թույլ կտա՞, ես վստահ չեմ, ես չգիտեմ։

Ինչպե՞ս կգնահատեք «ՄԱՇ»-ի՝ որպես գլխավոր ընդդիմադիր կուսակցության գործողությունները:

– «ՄԱՇ»-ն այժմ իրեն որևէ կերպ չի դրսևորում: Փաստ է, որ մեր ընդդիմության մակարդակը, մեղմ ասած, մնում է մաղթել լավը։ «Վրացական երազանքն» այսօր իշխանության գլխին է, քանի որ արժանի մրցակիցներ չունի: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել «Վրացական երազանքի» ֆենոմենը, քանի որ ակնհայտորեն այն ամբողջությամբ սպառել է իրեն, բայց մրցակիցներ չկան, հետեւաբար շարունակում է մնալ իշխանության ղեկին։ Մի հրաշալի սովետական ֆիլմ կար, անունը չեմ հիշում, որտեղ Ջիգարխանյանը բրիգադիրի դեր է կատարում, և մեքենան բեռնաթափելու մասին նա ասում է հետևյալը. «Մենք ունենք երկու տարբերակ, առաջինը ֆանտաստիկա, իսկ երկրորդը՝ իրատեսական։ ֆանտաստիկայի ժանրից է՝ եթե այլմոլորակայինները գան և մեր փոխարեն բեռնաթափեն մեքենան։ Իսկ իրատեսական է, եթե մենք հիմա հավաքվենք և բեռնաթափենք ավտոմեքենան: Մեզ մոտ նույնն է։ Իրատեսական սցենարն այն է, եթե Արևմուտքի ճնշման արդյունքում Իվանիշվիլին պարզապես հեռանա քաղաքականությունից, իսկ ֆանտաստիկայի ժանրն այն է, որ վրացական հասարակությունը վերջապես խելքի գա և պարզապես վերափոխվի ու հարմարվի եվրոպական չափանիշներին: Ահա թե ինչ պետք է տեղի ունենա: