Վրաստանի և Հայաստանի կառավարությունների ղեկավարների ազատ ձևաչափով հանդիպումների, Իրանի գազի և Հայաստանի արտաքին քաղաքականության, Վրաստանի նախագահի հայտարարությունների և այլ հարցերի շուրջ Jnews.ge-ին զրուցեց քաղաքագետ Գելա Վասաձեի հետ:
-Արդեն երկրորդ անգամ Վրաստանի և Հայաստանի վարչապետները հանդիպում են ոչ ֆորմալ միջավայրում, սկզբից Բոլնիսիում՝ Վրաստանում, ապա Ենոքավանում՝ Հայաստանում: Ինչի՞ մասին է դա խոսում:
– Սկսենք նրանից, թե ինչ տարօրինակ կլիներ, եթե երկու վարչապետները, պետությունների ղեկավարները, նման հաճախականությամբ պաշտոնական այցեր կատարեին: Երևի հանդիպման անհրաժեշտություն կա: Կա երկու տարբերակ, կամ ինչ-որ ընթացիկ խնդիրների լուծում, բայց ես չեմ կարծում, որ դրա համար անհրաժեշտ է առաջին դեմքերի հանդիպումը: Իրականում, ընթացիկ բոլոր խնդիրները լուծվում են համապատասխան գերատեսչությունների և նախարարությունների կողմից, և նույնիսկ ավելի ցածր մակարդակում: Կա երկրորդ տարբերակ, պարզապես անձնական շփման կարգավորումը, Փաշինյանը կատարում է նախընտրական խոստումները, որ Վրաստանն ու Իրանը այն երկու երկրներ են, որոնք առաջնահերթ են լինելու: Ինչ վերաբերում է Իրանին, մենք տեսանք, որ նա մեկնել էր Թեհրան: Բնականաբար, նա այդ ռեժիմով չի կարող հանդիպել Ռուհանիին, բայց Բախտաձեին՝ լիովին: Սա նաև քաղաքական PR-ի մի մասն է: Ավելին, Փաշինյանի PR-ն է, որովհետեւ Բախտաձեն, հասկանալի է, որ նա խաղակցում է իր գործընկերոջը:
-Եվ այնուամենայնիվ, ի՞նչ հարցեր են կանգնած Վրաստան-Հայաստան քննարկումների օրակարգում:
– Կարող եմ պատասխանել, որ դրանք տնտեսական համագործակցության խորացման հարցեր են, այնտեղ կան անվտանգության հարցեր կամ էլ որևէ այլ: Եթե մենք խոսում ենք տնտեսական համագործակցության մասին, միտք է հայտնվել, որպեսզի ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև մեկ միլիարդ դոլարի հասցվի… Կարող եմ ասել, որ կառավարությունները ապրանքաշրջանառությունը չեն կարող հասցնել ոչ մեկ միլիարդի, ոչ էլ երկու: Այս բոլորը բիզնեսն է անում: Կառավարությունը միայն պայմաններ է ստեղծում, այն էլ առաջնահերթ պայմաններ է ստեղծում սեփական տանը: Ապա ինչի՞ մասին են խոսում հանդիպումների ժամանակ: Միշտ մեր հարաբերությունների կարևորագույն խնդիրն այն է եղել, որ մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական տարբեր կողմնորոշումների պայմաններում: Եվ ահա այս պայմաններում, պահպանել հարաբերությունների փոխադարձ ընդունելի և անհրաժեշտ մակարդակը, հենց սա է գերխնդիրը: Արդյո՞ք նպաստում է այս գերխնդիրը կատարելու գործում, այսպես ասենք՝ վարչապետի անձնական հանդիպումները: Երևի՝ այո: Ինչևէ, մինչ այդ անձնական հանդիպումները նման հաճախականությամբ չեն եղել: Մեկ այլ հանգամանք, որին ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել, թե էլ ինչը կարող է լինել քննարկման առարկա, դա նախագահ Ռուհանիի նախաձեռնությունն է՝ Հայաստանի տարանցմամբ Վրաստանին գազ մատակարարելու վերաբերյալ: Իհարկե, Հայաստանի տարանցմամբ Վրաստանին գազ մատակարարելը չի կարող լինել: Իրականում խոսքը վերաբերում է սվոփային գործարքների մասին, այսինքն` Հայաստանի կողմից դեպի Իրան գազամուղի արդիականացման արդյունքում կարող է ազդել 2 կամ 3 մլրդ խորանարդ մետր: 2-3 միլիարդ խորանարդ մետրը մոտավորապես Հայաստանի պահանջարկն է: Ո՞ւր կգնա այդ դեպքում գազը Հյուսիս-հարավ գազատարով, որը գալիս է Ռուսաստանից: Կհամարձակվեմ ենթադրել, դրանք կգնան Եվրոպա: Ռուսաստանն այժմ լուծում է Ուկրաինայի շրջանցման խնդիրը, հաշվի առնելով այն, որ Հյուսիսային հոսքը պարզ չի լինի կամ չի լինի, նույնիսկ, եթե միայն կեսը լինի: Իրանի այս սխեմայում մասնակցությունը Ռուսաստանի և Իրանի համար ելք է քաղաքական տեսանկյունից: Մեկ այլ բան է, թե Վրաստանը կկարողանա այդ քայլին գնալ` մասնակցելով այդ սխեմային: Քանի որ մի կողմից՝ Ռուսաստանը գազը Եվրոպային կսկսի վաճառել հատուկ գործարքներով, մյուս կողմից` դա կլինի իրանական գազը: Այնպես որ, սա բավականին բարդ համադրություն է, մենք կարող ենք միայն կռահել, թե բանակցությունները ինչ փուլում են գտնվում: Կարելի է գուշակել, թե ինչու Կարասինը հանկարծ հայտարարեց, որ Վրաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային բարեկեցության և, ասենք՝ Եվրաատլանտյան համերաշխության միջև: Մենք կարող ենք միայն կռահել, թե ինչու էր եկել Ուոլքերը, ով Ուկրաինայի համար հատուկ ներկայացուցիչ է, բայց ես կրկնում եմ, դրանք պարզապես գուշակություններ են: Բայց և այնպես, պատկերն այսպիսին է: Եթե մենք խոսում ենք Հայաստանին իրանական գազի մատակարարման գործարքների մասին, ապա Ռուսաստանից Հայաստան եկող գազը կգնա Եվրոպա: Այս ամենը որոշում են ոչ Փաշինյանը, ոչ էլ, առավել ևս Բախտաձեն: Այս ամենը որոշվում է ավելի խոշոր խաղացողների կողմից: Բնականաբար, այս դեպքում Հայաստանը համաձայն է, որքանով է Վրաստանը համաձայն՝ պարզ չէ, քանի որ Վրաստանը ինչ-որ բան ունի կորցնելու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, չնայած, ամենայն հավանականությամբ, դա էլ կարող էր լինել քննարկման թեմաներից մեկը, բայց զուտ տեղեկատվական բնույթի:
– Դա նշանակո՞ւմ է, որ իրանական գազով Հայաստանը մեղմացնում է Ռուսաստանի ազդեցությունն իր վրա:
– Սա, իհարկե, անհեթեթ հարց չէ: Սա շատ կարեւոր հարց է, բայց իհարկե դա չի նշանակում, որ Հայաստանը փորձում է ազատվել Ռուսաստանի ազդեցությունից, ինչը գրեթե անհնար է: Եկեք միայն դիտարկենք տարրական մի բան, որ Հայաստանի գազային ենթակառուցվածքը պատկանում է «Գազպրոմին», այստեղ` Հայաստանը, կոնկրետ պատմական պատճառներով, որոնց մասին ես ասում էի, առաջիկայում Հայաստանը միշտ կմնա Ռուսաստանի կողմում, իսկ Վրաստանը՝ Արևմուտքի: Բայց մյուս կողմից, կա վրաց-ռուսական հարաբերությունների հայեցակետը, երբ Ռուսաստանը կարող է ճնշում գործադրել Վրաստանի վրա, քանի որ մենք չենք խոսում ինչ-ինչ պատճառային հասկացությունների մասին: Խոսքը փողի և իշխանության մասին է: Հետևաբար, Ռուսաստանն առաջ կմղի իր շահերը: Թե որքանով ռիսկի կդիմեն վրացական իշխանությունները, ռիսկ է, քանի որ վտանգ կա, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարող են փչանալ և հայտնվել նրանց բաշխման ներքո:
– Հնարավո՞ր է հաստատել, որ նախկին իշխանությունների շնորհիվ բոլոր ռազմավարականորեն կարևոր օբյեկտները, ներառյալ գազատարը, այժմ պատկանում են Ռուսաստանին:
– Եկեք օբյեկտիվ լինենք: Իսկ նախկին իշխանությունները ընտրություն ունեի՞ն: Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Եկեք ելնենք այն իրավիճակից, որը կար: Հայաստանի նախկին իշխանությունները, մենք լավ գիտենք, որ նրանք փորձում էին դիվերսիֆիկացնել: Սակայն ստեղծված իրավիճակում դա գրեթե անհնար էր: Եվրամիության հետ համագործակցելու փորձ էր արվում, ի դեպ, ներկայիս Հայաստանի արտաքին գործերի նախարարը դա ամենից լավ գիտի, թե ինչպես է այդ փորձը կատարվել իր ժամանակին: Համաձայնագիր էր ստորագրվել Եվրոպական միության հետ ընդլայնված գործընկերության և համագործակցության մասին: Կարելի է մեղադրել Հայաստանի նախկին կառավարությանը այն բանի համար, որ այնտեղ կար կոռուպցիոն համակարգ, և շատ այլ բաների համար, բայց ես չէի նետի նրանց կողմ այդ նախատինքը: Այսինքն, նրանք իսկապես ընտրություն չունեին կամ ընտրությունը չնչին էր:
– Նախագահ Զուրաբիշվիլիի և վարչապետ Բախտաձեի Հայաստան այցելություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանը ընդհանուր դիրքորոշում չունի, օրինակ` Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ: Արդյո՞ք դա այդպես է:
– Ես հայտարարություններում հստակ և կոնկրետ անհամապատասխանություններ չեմ տեսնում: Այն, որ Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր, որ Ղարաբաղն ու շրջակա տարածքները օկուպացված տարածքներ են, տարբերությունն այն է, որ ոչ մի պաշտոնյա անձ այդպիսի հայտարարություններ չէր արել, բայց իրականում կար մի այսպիսի կազմակերպություն՝ ՎՈՒԱՄ և այդ կազմակերպության շրջանակներում ստորագրում էին բոլոր նախագահները: Այնտեղ գրված է, որ դրանք օկուպացված տարածքներ են, այսինքն, գրեթե ոչ մի նորություն չկա: Ասեմ, որ հիմա աշխարհում շատ հետաքրքիր միտում կա, դա լավ է, թե վատ՝ կարևոր չէ: Նախկինում մեծ քաղաքականությունը 99%-ով գաղտնի էր պահվում շարքային քաղաքացիներից, զանգվածներից: Այժմ Թրամփը բացեց այդ դուռը և սկսեց խոսել այն մասին, ինչ մտածում է: Եվ հենց այդ վիրուսը, որը ես կկոչեի «Թրամփի վիրուս», փոխանցվում է ուրիշներին: Արդեն Ռուսաստանի նախագահն էլ է նման անկեղծ հայտարարություններ անում: Նման հայտարարություններ են անում նաև Եվրամիությունում: Ահա այդ միտումը հասել է մեզ էլ՝ ինչ մտածում եմ, այն էլ ասում եմ: Լավ է, թե՝ վատ, դա մեծ հարց է, քանի որ ոչ բոլոր բաների մասին է խոսվում: Մեկ այլ պահ է, նախկինում քաղքենին նախընտրում էր հեռուստացույց դիտել և տանը իր կնոջ հետ, այլ հարազատների հետ և այլն, խոսում էր ինչ-որ բանի մասին, իսկ հիմա միջին քաղքենին ամեն ինչ գցում է սոց. ցանցեր: Բոլորը փորձագետ են: Միայն այն պատճառով, որ մենք բոլորս ունենք շատ տեղեկատվություն, որը նախկինում չկար: Այժմ մենք կարող ենք վիճարկել, թե ինչու Նազարբաևը հեռացավ կամ ինչու Գուայդոն չկարողացավ տապալել Մադուրոյին: Եվ, ըստ երևույթին, դա ևս ազդեց այն փաստի վրա, որ երկրների ղեկավարները սկսեցին ավելի անկեղծ խոսել այն մասին, ինչ մտածում են:
– Վերադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, մի կողմից, մի հարևանը՝ Ադրբեջանը, մյուս կողմից, մյուս հարևանը` Հայաստանը: Ինչպիսի՞ քաղաքականություն է վարել Վրաստանն այս իրավիճակում: Ինչպիսի՞ն է Վրաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում:
– Ըստ էության, ամեն ինչ պարզ է: Այն փաստը, որ Վրաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնհայտ է: Այն փաստը, որ Վրաստանը չի ցանկանում միջամտել ղարաբաղյան հակամարտությանը: Այն, որ Վրաստանը պետք է լինի միջնորդ, հաշտարար, սա, անշուշտ, անհեթեթություն է: Վրաստանը չի կարող միջնորդ լինել: Միջնորդը նա է, ով ավելի ուժեղ է, քան հակառակորդ կողմերը: Վրաստանի քաղաքական և ցանկացած այլ կշիռը ոչ մի դեպքում ավելի բարձր չէ, բայց համադրելի է Հայաստանին և Ադրբեջանին: Միակ բանը, որ Վրաստանը կարող է անել, հումանիտար շփումների և մարդկանց միջև շփումների համար հարթակ ապահովելն է, բայց դա այնպես էլ տեղի է ունենում: Ժամանակ առ ժամանակ հասարակական կազմակերպությունները և լրագրողները հանդիպում են, բայց ես կասկածում եմ, թե այդ ամենը որքանով է նպաստում հակամարտության կարգավորմանը: Այլկերպ լինել չի կարող, ընդհանուր առմամբ, ստացվում է ինչ-որ դետերմինիզմ:
Քրիստինե Մարաբյան