Վրաստանում քաղաքական գործընթացների, ճնշումների և հնարավոր արդյունքների մասին Jnews-ը զրուցել է փիլիսոփա և քաղաքագետ, Իլիայի պետհամալսարանի պրոֆեսոր, Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի նախագահ Գիա Նոդիայի հետ:
Ինչպե՞ս է ընթանում Վրաստանում նախընտրական շրջանը երկրում շարունակվող քաղաքական ճգնաժամի պայմաններում:
Նախընտրական քարոզարշավն ընթանում է այս ծանր իրավիճակին համապատասխան: Այսինքն՝ այսպիսի քաղաքական կիսաճգնաժամի պայմաններում: Այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» դուրս եկավ այսպես կոչված Շառլ Միշելի համաձայնագրից, այն ստեղծեց մասնակի քաղաքական ճգնաժամի այսպիսի իրավիճակ: Վստահության ճգնաժամ: Այն իմաստով, որ հասարակության ընդդիմադիր կերպով տրամադրված մի մասն արդեն իսկ անվստահություն ուներ քաղաքական ինստիտուտների և իշխանության նկատմամբ, սակայն իշխող կուսակցության կողմից այս հանդիսավոր ընդունված պայմանագրի խախտումից հետո այն կարծես թե ավելի սաստկացրեց անվստահության այս ճգնաժամը: Եվ, համապատասխանաբար, չկա միասնական կարծիք այն մասին, թե որն է այս ընտրությունների էությունը: Պարզաբանեմ, թե ինչ նկատի ունեմ: Շառլ Միշելի պայմանավորվածության համաձայն, եթե «Վրացական երազանքը» չստանար 43 տոկոս, ապա պարտավորվում էր արտահերթ ընտրություններ անցկացնել: Այսպիսով, այս ընտրությունների բուն իմաստը, էությունը փոխվեց: Դա կլիներ ոչ թե սովորական ՏԻՄ ընտրություններ, մունիցիպալ ընտրություններ, այլ իշխանություններին վստահություն հայտնելու հանրաքվե: Եթե կառավարությունը հավաքեր 43 տոկոսից պակաս, ապա մենք արդեն կունենայինք արտահերթ ընտրություններ, և դա կընկալվեր սկիզբը «Վրացական երազանքի» իշխանավարության ավարտի: Բայց քանի որ այս համաձայնագիրը խախտված է, «Վրացական երազանքը» կրկին այս ընտրությունները ներկայացնում է որպես սովորական ՏԻՄ ընտրություններ, որտեղ կորոշվի, թե ով կլինի Թբիլիսիի քաղաքապետը կամ Ախալքալաքի քաղաքապետը, կամ Լագոդեխիի քաղաքապետը և այլն, ովքեր կլինեն Սակրեբուլոյում, և դրանով իսկ նվաստացնել այս ընտրությունների նշանակությունը և, համապատասխանաբար, հետաքրքրությունը այս ընտրությունների նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ընդդիմությունը պնդում է, չնայած այն բանին, որ «Վրացական երազանքը» հրաժարվել է իր խոսքից, խոստումից, իր դիրքորոշումից, այնուամենայնիվ, ընդդիմության համար այս ընտրությունները մնում են հանրաքվե: Եվ եթե «Վրացական երազանքը» հավաքի 43 տոկոսից պակաս, ապա այն այլևս բարոյական իրավունք չի ունենա մնալու իշխանությունում, այսինքն՝ ընդդիմությունը մեկնաբանում է ընտրությունների էությունը, ընտրությունների արդյունքները այլ կերպ, քան իշխող կուսակցությունը, որը ստեղծում է երկիմաստ իրավիճակ:
Ինչպե՞ս է ընթանում նախընտրական շրջանը Վրաստանում: Արդեն կա՞ն հայտարարություններ ճնշումների մասին…
Այո, դա, անկասկած, այդպես է: Այսինքն՝ ճնշումը նկատի ունեմ, գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են այն մասին, որ իրենց թեկնածուների վրա ճնշում է գործադրվում՝ թեկնածությունները հանելու համար, ոմանք իսկապես հրաժարվել են իրենց թեկնածությունից: Սրա մեջ ոչ մի նոր բան չկա: Ցավոք, միշտ, գրեթե բոլոր ընտրությունները նախորդ իշխանության ժամանակ էլ, «Վրացական երազանք»-ի նոր իշխանության ժամանակ առավել ևս, միշտ տեղի են ունենում ճնշումների վրա, թեկնածուների նկատմամբ ճնշումների պայմաններում, հատկապես համեմատաբար վաղ նախընտրական շրջանում, երբ նրանցից ոմանց ստիպում են են հրաժարվել իրենց թեկնածությունից: Այդպես էլ ուշ է լինում ընտրողների համար: Դա, ցավոք, Վրաստանում հանդիսանում է ընտրությունների այսպիսի կայուն նշան: Սա նորություն չէ, չնայած հիմա այս ընտրություններն որոշ չափով ավելի դրամատիկ են, քանի որ իշխող կուսակցությունում որոշակի նյարդայնություն կա ընտրությունների արդյունքների առումով: Թեև նրանք ասում են, որ 43% այդ թիվը նշանակություն չունի, բայց իրականում իշխող կուսակցության համար դա ունի իր նշանակությունը: Նրանք ցանկանում են հասնել հնարավորինս ամենաբարձր արդյունքի՝ ավելի քան 43 տոկոսի տեսքով, սակայն, այնուամենայնիվ, իշխող կուսակցությունը մտավախություն ունի, որ չի կարողանա ստանալ այդքան ձայն: Եվ նրանց հիմնական մտահոգությունն այժմ նույնիսկ Ազգային շարժումը չէ (խմբ. «Միասնական ազգային շարժում»), որը գլխավոր ընդդիմադիր կուսակցությունն է: Բայց նոր գործոնը՝ Գախարիայի գործոնը, նրա կուսակցությունը, քանի որ այն շատ առումներով փոխում է քաղաքական դաշտն այն առումով, որ Գախարիան ձայներ է խլում հիմնականում «Վրացական երազանք»-ից: Մասամբ ընդդիմությունից, ընդդիմության առավել չափավոր հատվածից, բայց ամենից առաջ «Վրացական երազանքի» կողմնակիցներից: Դա նյարդայնություն է առաջացնում նրանց շարքերում: Հետևաբար, վերջին օրերին, չնայած նրանք միշտ վարքաբեկում են ամենավերջին խոսքերով «ՄԱՇ»-ին, բայց, ամեն դեպքում, իմ և շատ դիտորդների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրենց նախընտրական արշավի, այդ թվում՝ ընտրողների և թեկնածուների վրա ճնշումները, հիմնականում կենտրոնացած են Գախարիայի կուսակցության և նրա կողմնակիցների վրա: Քանի որ նրանք կարող են փոխել, այսպես ասած, քաղաքական իրավիճակը:
Ի՞նչ կանխատեսումներ է անում փորձագիտական հանրությունն ընտրությունների արդյունքների առնչությամբ:
Շատ դժվար է, հիմնականում, ես միանշանակ կանխատեսումների կողմնակից չեմ, բայց հավանաբար առաջին տեղը կլինի «Վրացական երազանքինը»: Այս հարցում քչերն են կասկածում, բայց թե որքանով համոզիչ կլինի նրանց արդյունքները, այս դեպքում ամենից կարևորն է: Եթե «Վրացական երազանք»-ը հավաքի 43 տոկոսից պակաս, ապա դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի դրանից հետո: Նրանք կարող են դեռ մեծամասնություն կազմել Սակրեբուլոյում և այլն, բայց, այնուամենայնիվ, նրանց կողմնակիցներն ու վարչական ապարատը կսկսեն կասկածել, որ «Երազանքը» մնում է իշխանությունում և դա կընկալեն որպես ավարտի սկիզբ: Այդ իսկ պատճառով էլ շատ կարեւոր է 2-3 տոկոս տարբերությունը: Խոսքը ոչ թե այն մասին է, թե ով կլինի առաջին տեղում, այլ այն, թե որքան համոզիչ կլինի ընտրությունների արդյունքը «Երազանք»-ի համար: Այս տեսանկյունից կանխատեսելը շատ բարդ է: Հարցումները կան, բայց դրանք քիչ են և կան շատ չկողմնորոշված մարդիկ, և ես կարծում եմ, որ սա ճիշտ է արտացոլում պատկերը: Շատերն իսկապես դեռ չեն որոշել, թե ում են քվեարկելու, և, հետևաբար, շատ բան կախված կլինի վերջին 3 շաբաթներից, որոնք մնացել են մինչ ՏԻՄ ընտրությունները:
Քրիստինե Մարաբյան