Դեկտեմբերի 14-ին ԵՄ-ն կանաչ լույս վառեց Վրաստանի ինտեգրման համար՝ թեկնածուի կարգավիճակ շնորհելով, բայց ինչ կհետևի դրանից հետո և ինչ կարող է ակնկալել Վրաստանը, այս և այլ հարցերի շուրջ Jnews-ը հետաքրքրվեց արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հետազոտող Գիորգի Բիլանիշվիլիից։

Վրաստանը ստացել է Եվրամիության թեկնածուի երկար սպասված կարգավիճակը։ Ի՞նչ է մեզ սպասվում հետո:

–  Քաղաքական առումով սա շատ դրական է մեր երկրի համար, քանի որ մենք երկար ժամանակ առաջընթաց ենք արձանագրում Եվրամիության ինտեգրման ուղղությամբ։ Շատ կարևոր որոշում է կայացվել: Ֆինանսական և տնտեսական առումով դա նոր հնարավորություններ է բացում։ Երբ խոսում ենք հնարավորությունների մասին, չպետք է մոռանալ, որ Եվրամիությունը 9 պայման է դրել Վրաստանի առաջ, այդ պայմանները պետք է կյանքի կոչվեն, որպեսզի կարողանանք անցնել այն մակարդակին, որի վրա այժմ գտնվում են Ուկրաինան ու Մոլդովան։ Իհարկե, այս 9 պայմանների կատարումը կբարելավի իրավիճակը Վրաստանի շատ ոլորտներում, բայց, այնուամենայնիվ, այդ պայմանների կատարումն այնքան էլ հեշտ չի լինի, և այս առումով Վրաստանի ղեկավարության քաղաքականությունը մեծ նշանակություն ունի։

Կարգավիճակ ստանալու հարցում կասկածներ կային՝ ելնելով պետական պաշտոնյաների որոշ գործողություններից ու հայտարարություններից, ի՞նչն է նպաստել այն ստանալուն։

– Նախ, ինչպես Եվրամիությունն ինքն է նշել, մենք կատարել ենք առաջադրված 12 պայմաններից 3-ը, և երկրորդ՝ վրացական հասարակությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ խիստ եվրոպամետ է և ձգտում է ինտեգրվել ԵՄ-ին։ Եվ դա ապացուցեց, որ լավ մակարդակով է պատրաստված այս ինտեգրմանը։ Եվ երրորդը, աշխարհաքաղաքական պայմանները, որոնք ձևավորվեցին Ուկրաինա ներխուժումից հետո, ազդեցին այն բանի վրա, որ այս հնարավորությունների պատուհանը բացվեց ինչպես մեզ, այնպես էլ Ուկրաինայի և Մոլդովայի համար։ Դրա պատճառով դրական որոշում է կայացվել։

Շատ երկրներ, օրինակ Թուրքիան, տասնամյակներ են սպասել Եվրամիությանն անդամակցելուն: Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի Վրաստանին դրա համար

– Արդեն ասվել է, որ 2030 թվականին Եվրամիությունը որոշում կկայացնի ընդլայնման մասին, եթե մինչ այդ մենք հաջողենք և կատարենք այս 9 պայմանները, կանցնենք ինտեգրման նոր մակարդակի, որը ԵՄ անդամակցության մասին բանակցություններն են, ապա մենք ունենք ավելի դրական հեռանկարներ այս առումով, քան Թուրքիան։ Որովհետեւ աշխարհաքաղաքական նոր իրողություններն ազդել են ԵՄ-ի վրա։ Եթե նայենք Թուրքիայի կամ այլ երկրների, այդ թվում՝ եվրոպական վիշեգրադյան երկրների օրինակին, նկատի ունեմ Չեխիան, Սլովակիան և այլն, ապա նրանց համար այս ինտեգրացիոն գործընթացը ներկայիս իրավիճակի հետ համեմատած ինչ-որ կերպ ձգձգվել է։ Մեր հեռանկարները շատ պայծառ են։

Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արձագանքը:

– Ռուսաստանն այժմ կենտրոնացած է ուկրաինական հարցի լուծման վրա։ Նա հասկանում է, որ Վրաստանի ղեկավարությունն այնքան էլ հակված չէր ԵՄ-ին ինտեգրվելու հարցում: Մյուս կողմից՝ տնտեսական, առևտրի ոլորտում Ռուսաստանի համար Վրաստանի հետ շատ լավ, դրական հարաբերություններ են զարգացել։ Եթե նայենք Վրաստանից Ռուսաստան, և արտահանմանը դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ, ապա արտահանումը շատ է աճել և այն արագ տեմպերով է աճում։ Սա շատ կարևոր է Ռուսաստանի համար, քանի որ նա գտնվում է պատժամիջոցների տակ։ Այնպես որ, մեր իշխանության հռետորաբանությունը համընկնում է ռուսական քարոզչության հռետորաբանության հետ։ Սա հարցի մի կողմն է, մյուս կողմից՝ Ռուսաստանը հասկանում է, որ հասարակությունը ձգտում է և տրամադրված է եվրոպականորեն։ Ուստի կարծում եմ, որ մոտ ապագայում Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության մեջ փոփոխություններ սպասել պետք չէ։

Վերջերս արդեն Հայաստանն էլ ներկայացված է Վրաստանի հետ համատեղ, որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը նույնպես կցանկանա դառնալ ԵՄ-ի մաս:

– Եթե վերադառնանք Վրաստանի օրինակին, ոմանք դեռ կարծում են, որ Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին անհնար է, սակայն վերջին միտումները ցույց են տալիս, որ դա շատ իրական է։ Մենք շատ նմանություններ ունենք Հայաստանի հետ։ Կարծում եմ, որ հայերը նույնպես հավատում են, որ իրենք եվրոպական քաղաքակրթության մաս են կազմում։ Նրանք նույնպես ձգտում են բարելավել իրենց կյանքը։ Հայաստանը նույնպես ձգտում է ամրապնդել իր անվտանգությունը, և Հայաստանն ունի շատ հզոր սփյուռք, որը կարող է շատ դրական դեր խաղալ այս հարցում։ Սա դրական կողմ է, բայց մյուս կողմից՝ Հայաստանը Եվրասիական միության անդամ է, ՀԱՊԿ ռազմական կազմակերպության անդամ։ Ռուսաստանի ներկայությունը Հայաստանի տնտեսական և քաղաքական կյանքում, ինչպես ես եմ հասկանում, շատ ուժեղ է։ Ցավոք սրտի, չեմ կարող խոսել հասարակության տրամադրությունների մասին։ Վերջին ժամանակներս ես չեմ հետևում հանրային հարցումներին, որպեսզի տեսնեմ, թե ինչպիսին է հասարակության տրամադրությունը։ Ի վերջո, ուզում եմ ասել, որ եթե Հայաստանի իշխանությունը և Հայաստանի ժողովուրդը դա են ցանկանում, ապա կարծում եմ, որ մի կողմից նրանց համար ավելի հեշտ կլինի ինտեգրվել ԵՄ-ին։ Բայց մյուս կողմից, նրանք, նկատի ունենալով Ռուսաստանի ազդեցությունն ու շատ ամուր դիրքերը Հայաստանի նկատմամբ, դա, իհարկե, բարդացնում է այդ հեռանկարը։