Բնակիչներին աղբը թափելու կամ քաղաքային գույքը վնասելու համար կտուգանեն՝ մաքրության և հանրային բարօրության պահպանման համար այլ եղանակ չի մնում։

Քաղաքում կամ հանգստի գոտիներում մաքրություն պահանջելով՝ բնակիչները պետք է ներդնեն և՛ իրենց ջանքերը, և՛ ինքնագիտակցությունը՝ չնետելով աղբը կամ արևածաղկի կեղևը չշպրտել զբոսայգում կամ պուրակում, չվնասել նստարանները, չջարդել լուսամփոփները։ Զարգացում պահանջելով՝ յուրաքանչյուր բնակիչ պետք է գիտակցի իր պատասխանատվությունը քաղաքում կարգուկանոնի հասնելու համար։ Խաս Բախչա այգին անընդհատ մաքրվում է, բայց նստարանների վրա արևածաղկի սերմեր չրթող բնակիչները հաշված րոպեների ընթացքում այն աղտոտում են։ Շատ բնակիչների համար անընդունելի և հաճելի չէ տեսնել մարդկանց, ովքեր կարծում են, թե հանգիստն արևածաղկի սերմերը չրթելու մեջ է։

«Ցավալի է, որ մեր զբոսայգում տեղացիները, հատկապես կանայք, ամենուր արևածաղկի սերմեր են չրթում ու աղտոտում շուրջ բոլորը: Կարծում եմ՝ պետք է լինի որոշակի վերահսկողություն, տուգանքներ, զգուշացումներ։ Դա առնվազն անպարկեշտ է»,- ասում է Ախալքալաքի բնակիչ Կարինե Թադևոսյանը։

Այնուամենայնիվ, «վատ» պահվածքը չի սահմանափակվում միայն արևածաղկի սերմեր չրթելով, բնակիչներն այնքան անտարբեր են քաղաքի գույքի նկատմամբ, որ կարող են արմատախիլ անել տնկված ծաղիկները (նման դեպքեր եղել են բազմիցս), կամ ջարդել այգին լուսավորող լուսամփոփները, տեղաշարժել նստարանները կամ հեռացնել դրանց վրայի փայտե տախտակները, կամ էլ աղբը նետել դժվարամատչելի վայրերում։

«Այգին ամեն օր մաքրվում է, երկու աշխատակից վաղ առավոտյան և երեկոյան ավլում են այն։ Այգին կարգի բերված վիճակում պահելն ուղղակի անիրատեսական է, քանի որ այնտեղ աղբ են նետում, արևածաղկի կեղևներն էլ ավելի են բարդացնում վիճակը, և ոչ մեկին ոչինչ չես կարող ասել, դիտողությունը վերածվում է կոնֆլիկտի։ Եվ վերջում դեռ դու մեղավոր կլինես։ Այն, որ այգում ամենուրեք արևածաղկի սերմեր են, մաքրելն ուղղակի անիրատեսական է, քանի որ մեծից փոքր նստած արևածաղիկն են չրթում։ Հենց այդ նպատակով են նրանք այգի գալիս։ Դրա համար տուգանելու միջոց չկա: Մենք ամեն օր մաքրում ենք այգին, 3 օրը մեկ փոխում ենք ցայտաղբյուրի ջուրը, քանի որ երեխաները լողանում են դրա մեջ, հոսանքն անջատել ենք, որ հանկարծ հոսանքահար չլինեն»,- ասում է «Սանիտարական մաքրման» տնօրեն Մխիթար Ռստակյանը։

Եթե բնակիչների ինքնագիտակցությունը չի բավարարում, ապա նման դեպքերում օգնության է հասնում օրենքը։ Տեղական իշխանություններն ազատ կարող են տուգանել աղբ թափելու կամ գույքը վնասելու համար:

«Սակրեբուլոն հաստատել է վարչաիրավական ակտերը, ձևաթղթերը: Մեր մունիցիպալիտետի համապատասխան ծառայությունն այս ակտերով կարող է ցանկացած տեղ վարչական իրավախախտումների համար տուգանք գրել, դրանից հետո էլ նրանց դատի տալ։ Այս ակտերը գործում են արդեն մի քանի տարի։ Նրանք ցանկացած պահի կարող են կիրառել այդ ակտերը, խախտողը կստորագրի այն։ ՀԱԿ-ը նույնպես ունի այդպիսի լիազորություններ՝ ստուգելու ցանկացած վայր և լրացնել ակտը։ Որքան ես գիտեմ, նմանատիպ ակտեր արդեն մի քանի անգամ լրացվել են»,- պարզաբանում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի վարչակազմի պետ Գոհար Մանվելյանը։

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, թեև քաղաքապետարանը քաղաքացիների պատասխանատվության և քաղաքացիական ինքնագիտակցության հույսն ունի, սակայն այսպես շարունակվելու դեպքում քաղաքապետարանը ստիպված կլինի քաղաքում կարգուկանոն պահպանելու համար տուգանման մեթոդներ կիրառել։

«Մենք արդեն մի քանի անգամ այգու հետ կապված խնդիրներ ունեցել ենք։ Եթե նկատեցիք, դանակներով վնասված են նստարանները, աղբը թափված է և այլն։ Կոնկրետ մեր ունեցած անվտանգության տեսախցիկներով այս հարցը հսկողության տակ է դրվել, մենք գտել ենք այն մարդկանց, ովքեր վնասում են մեր գույքը։ Նրանք պատասխանատվության են կանչվել, այսինքն՝ պետք է շտկեն այն, ինչ վնասել են։ Այս հարցը լուծվում է։ Ինչ վերաբերում է տուգանքներին, ապա այս դեպքում հաշվի է առնվում, թե ինչ բնույթի վնաս է պատճառվել։ Հարգելի բնակիչներ, սա հանգստի գոտի է, այստեղ հանգստանում են, այլ ոչ թե աղբ նետում ու եղածը փչացնում։ Սա քաղաքապետի կամ ՏԻՄ-ի կամ մեկ ուրիշի սեփականությունը չէ։ Այս ամենը մեզ բոլորիս է պատկանում։ Թող բոլորը խնայողաբար մոտենան։ Մենք էլ պետք է զարգանանք, բարեկարգենք մեր տարածքը, պահպանենք այն, ինչ ունենք։ Բայց ցավոք սրտի, այսօր մենք արդյունքի հասանք միայն հսկողության միջոցով, այլ ոչ թե քաղաքացիների ինքնագիտակցության շնորհիվ»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Մելքոն Մակարյանի խոսքով՝ քաղաքապետարանը պատրաստվում է տեսախցիկներ ավելացնել, որպեսզի հանգստի գոտիները, մարզահրապարակները, խաղահրապարակները հսկողության տակ լինեն։