Այս տարի Գեղարվեստի դպրոցի և Ապագայի տան վերանորոգմանը զուգահեռ սպասվում էր Ախալքալաքի երաժշտական դպրոցի երկար սպասված վերանորոգումը, սակայն, հակառակ տեղական իշխանությունների խոստումների, երաժշտական դպրոցի վերանորոգումը հետաձգվել է։
Հունիսին հայտնի դարձավ, որ երաժշտական դպրոցը պետք է վերանորոգվի։ Ինչպես այն ժամանակ հայտնեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, պատմական շենքը պետք է վերանորոգվեր այս տարի, նախագիծը պատրաստ էր, և հարցը պետք է քննարկման դրվեր հուլիսին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստում, իսկ հետո մրցույթ հայտարարվեր։
Սակայն, արդյունքում, երաժշտական դպրոցի հիմնանորոգումն այդպես էլ քննարկման չդրվեց, և, ինչպես պարզվեց, այս տարի երաժշտական դպրոցի վերանորոգում ընդհանրապես չի նախատեսվում։
«Մեզ ասացին, որ նախագծողները սխալ են գծագրել, և այժմ նրանք պետք է պայմանավորվեն ուրիշների հետ՝ նախագիծը կրկին մշակելու համար: Դեռ հայտնի չէ, թե երբ է կատարվելու վերանորոգումը, գուցե հաջորդ տարի, գուցե այս տարի»,- ասում է Ախալքալաքի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը:
Ինչպես պարզաբանել են քաղաքապետարանից, երաժշտական դպրոցի վերանորոգումը հետաձգվելու է, սակայն որոշվել է վերանորոգել դպրոցն ամբողջությամբ, այլ ոչ թե մասնակի, ինչպես որոշվել էր այս տարվա սկզբին։
«Որոշեցինք, որ դպրոցի ինչ-որ հատվածը կվերանորոգենք, նախագիծ կազմվեց, բայց հետո քննարկեցինք ու որոշեցինք, որ անիմաստ կլինի այս աշխատանքը: Ավելի լավ է մեկ-երկու տարով հետաձգենք, բայց հիմնանորոգենք, ուստի այս տարի հետաձգեցինք այս հարցը: Չեմ կարող ասել՝ նախագիծը կընդգրկվի՞ հաջորդ տարվա բյուջեում»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը։
Երաժշտական դպրոցը գտնվում է Ախալքալաքի հենց սրտում՝ քաղաքի ամենահին տներից մեկում, որը ժամանակին պատկանել է Օհանջանյանների ընտանիքին։ Այս ընտանիքի ժառանգները, երաժշտական դպրոցի տնօրենի խոսքով, ապրում են Կանադայում։ Սկզբում շենքում փոստն էր, հետո բացվեց երաժշտական դպրոցը։ Jnews-ը բազմիցս գրել է այն մասին, որ հնագույն շենքը խնամքի և վերանորոգման կարիք ունի։ Չնայած այն հանգամանքին, որ դպրոցը գտնվում է նման վիճակում, այնուամենայնիվ այն մունիցիպալ հաստատություններից է, որը շատ լավ արդյունքներ է տալիս (սպորտից հետո)։ Վրաստանում Ախալքալաքի երաժշտական դպրոցի մասին սկսել են իմանալ 2012 թվականին, երբ սկսեցին հրավիրել համերգների ու փառատոների։