Այսօր՝ մայիսի 19-ին, Ախալքալաքի ռեֆերալ կլինիկայի մենեջեր Ալեքսան Թորոյանին պատվաստել են չինական Sinopharm-ով:
Պատվաստման գործընթացը սկսվել է հարցաթերթիկը լրացնելուց, որը պարտադիր է պատվաստանյութի ներարկումից առաջ: Պացիենտին հարցրել են ալերգիկ և քրոնիկ հիվանդությունների առկայության և այլ մանրամասների մասին: Այն բանից հետո, երբ Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր և վիրաբույժ Ալեքսան Թորոյանը պատասխանել է հարցերին, չափել են նրա ճնշումը:
Դրանից հետո բժիշկները հատուկ սառնարանից հանել են Sinopharm պատվաստանյութը և ներարկել են այն: Պատվաստանյութով սրվակը հատուկ ցուցադրվել է այնպես, որպեսզի մարդկանց մոտ, ովքեր լրատվամիջոցների միջոցով հետևում էին Ախալքալաքի գլխավոր բժշկի պատվաստմանը, կասկածներ չառաջանային, որ սրվակը ամբողջական է և պարունակում է հենց այդ պատվաստանյութը: Դրանից հետո բժիշկը պատասխանել է տեղի լրատվամիջոցների հարցերին՝ հորդորելով չվախենալ պատվաստումից:
«Այսօր ծրագրային պատվաստման հերթական օրն է: Բուժաշխատողների և շարքային պատվաստվողների համար ընթացակարգը նույնն է: Այսինքն, պետք է նախապես գրանցվել Առողջապահության նախարարության պորտալում: Այսօր իմ օրն ու ժամն է՝ 9:15, ես գրանցվել էի նախապես: Ինչպես տեսաք, ես արդեն պատվաստվեցի: Կարծում եմ, որ սա միակ ճիշտ որոշումն է: Ես չեմ ուզում որևէ մեկին պարտադրել, և դա չի արվում ցուցադրության համար: Յուրաքանչյուր մարդ ինքը պիտի որոշի և գիտակցի իր պատասխանատվությունը հասարակության, պետության առջև, որովհետև սա համավարակի դեմ պայքարի տարրերից մեկն է ազգային մասշտաբով, հիմնաքարն է հանդիսանում համաճարակի դեմ պայքարում», – պատվաստումից հետո ասել է Ալեքսան Թորոյանը:
Պատվաստման գործընթացը վերջերս է սկսվել Ախալքալաքում, և բնակիչների մեծ մասը դեռ հակառակվում է պատվաստման անհրաժեշտությանը: Հակապատվաստային տրամադրությունները Սամցխե-Ջավախքում սկսվել էին պատվաստումների մեկնարկից շատ ավելի վաղ, բայց խորացել էին ախալցիխեցի բուժքրոջ մահից հետո, որը մահացել էր պատվաստումից հետո:
Օրերս՝ մայիսի 13-ին, Թբիլիսիի ականավոր բժիշկները, իմունաբանները, ալերգաբանները և սրտաբանները եկել էին Ախալքալաք և Սամցխե-Ջավախքի այլ քաղաքներ՝ պատվաստման մասին իրազեկելու և պատրվաստվել հորդորելու նպատակով: Նրանք պատասխանել էին տեղի բժիշկների, հոգևորականների, ներկաների և հավաքված այլ հետաքրքրված մարդկանց հարցերին: Նույն օրն Ախալքալաքի հիվանդանոցում Sinaphorm-ով պատվաստվել էր 22 բժիշկ: Մինչ այժմ հիվանդանոցում 160 բուժաշխատողներից ընդհանուր առմամբ պատվաստվել է 47-ը: Այսօր եւս մի քանի բժիշկներ ընդունել են պատվաստանյութի առաջին դեղաչափը:
Նշենք, որ այսօր Ախալքալաքում պատվաստման համար գրանցվել է 8 մարդ՝ ոչ միայն տեղի բժիշկները, այլ նաև այլ շրջանների և մայրաքաղաքի բնակիչները, ովքեր գրանցվել են Ախալքալաքում, քանի որ այստեղ եղել են ազատ տեղեր: Ախալքալաքի հիվանդանոցում օրական միջին հաշվով պատվաստվում է 35-40 մարդ: