Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար գործում է «1+4» ծրագիրը, որը թույլ է տալիս նրանց մայրենի լեզվով հանձնել ընդհանուր ունակությունների քննությունը և սովորել նախընտրելի համալսարաններում:
Այդ ծրագրի շրջանակներում դիմորդները հանձնում են ընդհանուր ունակությունների քննություն: Թեստի յուրաքանչյուր մասի վրա աշխատելու համար տրվում է 1 ժամ և 35 րոպե ժամանակ:
Jnews-ը զրուցել այս տարվա դիմորդների հետ, պարզելու համար ինչպիսի՞ն էր քննական տրամադրությունը և ինչպիսի՞ ակնկալիքներ ունեն:
Վեներա Նիկողոսյանն այս տարի է ավարտել դպրոցը և արդեն մասնակցել է քննություններին: Նա ցանկանում է ընդունվել Թբիլիսիի պետական համալսարան և սովորել բիզնես կառավարում բաժնում: Վեներան կարևորում է կրթության դերը մարդու կյանքում և նշում՝ դեպի երազանք տանող առաջին քայլն արված է:
«Երբ հիշում եմ քննության օրը, միանգամից լարվածությունն է մտքիս գալիս, որը զգում էի ամբողջ օրվա ընթացքում: Չէի ասի, որ սպասվածից շատ բարդ էր հարցաշարը, պարզապես ամեն անգամ պատասխան նշելուց վախ է առաջանում արդյո՞ք ճիշտ նշեցի կամ ճիշտ տրամաբանեցի հարցը»:
Վեներան նաև նշում է, քանի որ Ախալքալաքում հնարավորություն չկա քննություն հանձնելու: Ստիպված Ախալցիխեում է գրանցվել և հանձնել քննությունը:
«Ամբողջ ճանապարհին մտածում էի, ինչպիսի հարցաշար է սպասվում, մտածում էի, որ լիարժեք պատրաստ չեմ, բայց պատասխանները տեսնելուն պես ամեն բան կարծես մնաց հետևում», – հավելում է նա:
Վեներայի ամենամեծ երազանքն է եղել Թբիլիսիում բարձրագույն կրթություն ստանալ:
«Անհամբեր սպասում եմ սեպտեմբերին, որ տեղափոխվեմ մայրաքաղաք և սկսեմ կյանքիս նոր փուլը: Գիտեմ, որ դժվարություններ են սպասվում, կապված և միջավայրի, թե լեզվական բարիերի հետ, բայց միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ ամեն բան հաղթահարելի է»:
Իսկ Հասմիկ Պետրոսյանն ավարտել է Խավեթ գյուղի հանրային դպրոցը, էքստեռն քննություն է հանձնել: Որոշել է ընդունվել Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայի թվային մեդիա բաժինը: Քանի որ նա շատ է սիրում արվեստը, նկարչությունը, գծագրությունը և համակարգիչների հետ աշխատանքը, որոշել է ընտրել այնպիսի մասնագիտություն, որն այս ամենը կներառի իր մեջ:
Խնդիրների մասին խոսելիս Հասմիկն առանձնացնում է ճանապարհի դժվարությունները, քանի որ ստիպված է եղել վաղ առավոտյան տնից դուրս գալ, որպեսզի ճիշտ ժամանակին հասնի քննական կենտրոն:
«Հարցերը սպասվածի պես էին, այն ամենն էր ինչի վրա կենտոնացել էի պարապելու ժամանակ, շատ քիչ էին լրիվ անծանոթ հարցերը: Ընդհանուր մթնոլորտը շատ լավ էր, դիտորդները լավ էին վերաբերվում, պարբերաբար հիշեցնում էին մնացած ժամանակի մասին: Ինձանից հասնող ամեն բան արել եմ, կողքիս ունեցել եմ մարդիկ, ովքեր ինձ օգնել են և հավատացել ուժերիս»,- պատմում է նա:
Հասմիկն ինչպիսի լավ տրամադրությամբ մտել է քննասենյակ, նույն կերպ էլ այնտեղից դուրս է եկել, իսկ այժմ նոր հույսերով և երազանքներով պատրաստվում է ուսանողական նոր կյանքին այն մտքով, որ ամեն բան լավ է լինելու:
Տեղեկության համար նշենք նաև, որ «1+4» ծրագրից բացառապես կարող են օգտվել Վրաստանի քաղաքացիները:
Իսկ այս տարվա համար կիրառված թեստին կարող եք ծանոթանալ անցնելելով նշված հղումով
Իսկ սեփական արդյունքը պարզելու համար դիմորդը պետք է մուտք գործի online.naec.ge կայք, համապատասխան դաշտում նշելով իր անձնական համարն ու հնգանիշ գաղտնաբառը։