Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներում ցածր հաճախելիություն է պահպանվում: Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով՝ այս շաբաթ հաճախելիությունը կազմել է 50 տոկոս։
«Ընդհանուր առմամբ մեզ մոտ գրանցված է 1 294 երեխա, այսօր եկել է 630-ը», – հայտնեց նա։
Չնայած իրավիճակը բարելավվել է նախորդ թվերի համեմատ, երբ հաճախելիությունը կազմում էր 40%, ներկայիս հաճախելիությունը դեռ համարվում է ցածր:
Ինչպես նշում է Անահիտ Ասատուրյանը, երեխաների մեծ մասը հիվանդանում է, բայց կան նաև այնպիսիք, որոնց ծնողները վիրուսների տարածվածության պատճառով մանկապարտեզ չեն ուղարկում։
Հիշեցնենք, որ նախկինում մունիցիպալիտետի 6 մանկապարտեզ անցել էր կարանտինի՝ ցածր հաճախելիության պատճառով, իսկ հետագայում կարմրուկի երկու դեպքի հայտնաբերման պատճառով փակվել էր նաև Վաչիան գյուղի մանկապարտեզը։ Այս պահին մունիցիպալիտետում փակ մանկապարտեզներ չկան։ Նաև, ըստ Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանի, կարմրուկի նոր դեպքեր չեն հայտնաբերվել։