Նոյեմբերի 20-ին, Երեխաների համաշխարհային օրը, Ախալքալաքի քաղաքային զբոսայգում, Հանդուրժողականության, քաղաքացիական գիտակցության և ինտեգրման աջակցության ծրագրի (PITA), երիտասարդները հանդիպեցին Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ղեկավար Հասան Խալիլի հետ:
Երեխաների համաշխարհային օրվա շրջանակներում, ժամը 11-ից, Ախալքալաքի կենտրոնական այգում «PITA»- ի երիտասարդները ցուցադրեցին իրենց նկարները: Գույների միջոցով երիտասարդները ցույց տվեցին իրենց երազանքները, խնդիրները, ցանկությունները, առաջնահերթությունները, թե ինչպես են տեսնում կյանքը covid-19 համավարակի ժամանակ և ինչպես են պատկերացնում կյանքը դրանից հետո:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ղեկավար Հասան Խալիլը, մոտենում էր բոլոր հեղինակներին, հետաքրքրվում, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ է ուզում ասել և ցույց տալ նկարի միջոցով: Ցուցադրվել էին ավելի քան երկու տասնյակ նկարներ:
Նկարները նայելուց հետո տեղի ունեցավ քննարկում:
«Ցավալի է, որ այսօր Երեխաների օրը նշվում է դժվար պայմաններում», – ասաց Հասան Խալիլը և հետաքրքրվեց, թե ինչպես և ինչ կցանկանային փոխել նրանք, ինչ գիտեն այս օրվա մասին, ինչպես են վերաբերում դրան…
Հանդիպումը տեղի ունեցավ հարց ու պատասխան ձևաչափով: Երիտասարդները խոսեցին այս օրվա ստեղծման պատմության, իրենց խնդիրների, այն մասին, թե ինչի մասին են երազում, ըստ իրենց ինչ խնդիրներ ունի տարածաշրջանը, և ինչ կցանկանային փոխել նրանք իրենց կյանքում:
Հանդիպման յուրաքանչյուր մասնակցի ՅՈՒՆԻՍԵՖ-ը նվերների փաթեթ փոխանցեց, որում կային՝ շարֆ, դիմակ և սուրճի համար թերմոս:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավարի՝ Մայա Քուրդցինաձեի խոսքով, Հասան Խալիլը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները Երեխաների օրվա շրջանակներում երեկ չէ առաջին օրը մասնակցել են սեմինարի, հանդիպել սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների հետ, ինչպես նաև՝ հայկական և վրացական եկեղեցիների ներկայացուցիչների հետ: Ախալքալաքի դպրոցներին նաև տրամադրել են հակասեպտիկ միջոցներ:
1954 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջարկել էր բոլոր երկրներին սահմանել Երեխաների պաշտպանության համաշխարհային օր, որը պետք է նշվի որպես երեխաների միջև եղբայրության և փոխըմբռնման, ինչպես նաև ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցությունը խթանելու օր: Կառավարություններին առաջարկվել էր ինքնուրույն ընտրել այդ օրվան համապատասխան ամսաթիվ:
1959 թվականի նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Երեխայի իրավունքների հռչակագիրը, իսկ 40 տարի անց՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան: