Թբիլիսիի մետրոյում հաշմանդամ անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող պարեկային տեսուչ Նուկրի Բաքրաձեն դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։
Դատավճիռը հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորը, այն բանից հետո, երբ ութ երդվյալ ատենակալները ոստիկանին մեղավոր են ճանաչել, չորսը՝ դեմ են քվեարկել։
Պարեկային տեսուչ Նուկրի Բաքրաձեն մեղադրվում էր իր պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ՝ նվաստացնող և անմարդկային վերաբերմունք ցեւցաբերելու համար, ինչը ենթադրում է ազատազրկում 5-ից 10 տարի ժամկետով։
Այսպիսով, դատավորն ընտրել է պատժի նվազագույն ժամկետը։ Տուժողի շահերը պաշտպանում էր Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան։
Հունվարի 23-ին վրացական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեսանյութեր տարածվեցին, որտեղ երևում է այն պահը, երբ ոստիկանը մետրո «Իսանի» կայարանի աշխատակազմի սենյակում հարվածում է երիտասարդի գլխին։
Տեսանյութը նկարահանել է տուժողին ուղեկցող անձը։ Նա նաև ոստիկանին ասել է, որ իր ընկերը խուլ ու համր է և ֆիզիկապես ի վիճակի չէ պատասխանել հարցերին։
Դեռահասի նկատմամբ հաշվեհարդարը լայն հնչեղություն առաջացրեց հասարակության մեջ: Բողոքի ցույցեր են անցկացվել Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում, այդ թվում՝ ՆԳՆ շենքերի դիմաց։ Հաջորդ օրը երկու պարեկային տեսուչներին բերման էին ենթարկել։
Նուկրի Բաքրաձեի հետ միասին բերման էր ենթարկվել նրա գործընկեր Կախա Բաքաշվիլին, ով հանցագործության մասին չէր հայտնել իրավապահ մարմիններին։
Հուլիսի 14-ին հայտնի էր դարձել, որ դատավորը Բաքաշվիլիին ազատ է արձակել՝ նա դատապարտվել էր 6 ամիս պայմանական և 1 տարի փորձաշրջանային ազատազրկման։