Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի որոշման համաձայն՝ բնական գազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխ։
«Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի ֆոնին մեզ հաջողվեց չբարձրացնել սակագները։ Սակագների պահպանումը պայմանավորված էր սոցիալական գազի ֆինանսավորմանը պետության մասնակցությամբ, ինչպես նաև լարիի փոխարժեքի կայունությամբ»,- ասել է հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան։
Վրաստանի շրջանների մեծ մասում բնակչության համար բնական գազի սակագինը կազմում է 57 թեթրի մեկ խորանարդ մետրի համար։ Թբիլիսիում՝ Թբիլիսիի գազաբաշխիչ «Tbilisi Energy» ընկերության բնակիչ սպառողների համար սակագինը սահմանվել է մեկ խորանարդ մետրի համար մոտ 54 թեթրի։
Վերջին անգամ Թբիլիսիում բնակչության համար գազի սակագինը բարձրացվել է անցած տարվա հունիսին, իսկ կոմերցիոն սպառողների համար՝ այս տարվա ամռանը։
Նարմանիան նշել է, որ բնակչության համար սակագինը մի քանի տարի կմնա նույն մակարդակի վրա։
Նրա խոսքով, ներդրումային բաղադրիչն արդեն ներառված է սակագներում, ինչը նշանակում է, որ գազաբաշխիչ ցանցի վերականգնումն ու զարգացումը կշարունակվեն, իսկ առաջիկա տարիներին բնակչությունը բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրներ չի ունենա։
Հանձնաժողովը երկարացրել է սակագների կարգավորման ժամկետը երեքից հինգ տարի ժամկետով գազաբաշխիչ մի քանի ընկերությունների համար՝ SOCAR Georgia Gas LLC, Sakorggaz JSC, Telavgaz LLC, DI-V-ES LLC, Chiragdani LLC, Gama LLC, Gogochuri and Company LLC, Energy + LLC: Այս ցանկում չի նշվում Tbilisi Energy-ն, որը գազ է բաշխում Թբիլիսիում։
Էներգետիկ շուկայի ընթացիկ բարեփոխման շրջանակներում իրականացված սակագնային փոփոխություններին համապատասխան՝ 3 տարվա կարգավորիչ ժամկետի փոխարեն սակագները որոշվել են 5 տարի կարգավորող ժամկետով՝ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 1-ը:
Նյութն արտատպված է bizzone.info-ից