Այսօրվա մեջ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղում արդեն թվով 7-րդ երկրաշարժն է գրանցվել: Չնայած այստեղ մարդիկ սովոր են ստորգետնյա ցնցումներին, սակայն վաղ առավոտյան գրանցված երկրաշարժի ուժգնությունն անհանգստացրել է բնակիչներին:
«Շատ ուժեղ ցնցում էր, բոլորս էինք վախեցած, փորձում էինք երեխաներն հանգստացնել, նրանք վախից վերմակների տակ էին մտել: Փորձեցինք այնպես անել, որ երեխաները շատ չվախենան, բայց արդեն չգիտենք ինչ անենք, գնալով երկրաշարժի ուժգնությունը մեծանում է: Ինչ ունենք պատերից թափվում է, ոչ սվաղ է մնացել, ոչ էլ որևէ ուրիշ բան: Ինչքան էլ ասենք, որ սովոր ենք, բայց իրոք արդեն վախենալու է դառնում», – ասում է Սամեբա գյուղի բնակիչ Գագիկ Մարկոսյանը:
Գյուղի բնակիչների խոսքերով, այսօր վաղ առավոտյան գրանցված ցնցումը դեռևս ամենաուժեղն ու երկարն էր, որ եղել է իրենց գյուղում։
«Չգիտեմ, առավոտվա ցնցումը շատ ուժեղ էր: Այս անգամ սկսեց ցնցել, ուժեղացավ, հետո դանդաղեց, կրկին ուժեղացավ ու անցավ։ Հետո օրվա ընթացքում արդեն հաշիվն էլ ենք կորցրել, թե քանի անգամ կրկնվեց», – հավելում է նա:
Սամեբայի բնակիչները միշտ զգոն են, միշտ պատրաստ դուրս վազելու:
Նշենք, որ այսօր ավելի վաղ, Թբիլիսիի ժամանակով ժամը 07:36 րոպեին 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել վրաց-հայկական սահմանի մոտակայքում, Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից 9 կմ հեռավորության վրա: Ուժեղ ցնցումները զգացվել են ինչպես Ախալքալաքում և Վրաստանի մյուս բնակավայրերում, այնպես էլ Հայաստանում:
Ուժգին երկրաշարժին հաջորդել են մի շարք հետցնցումներ։ Ընդհանուր առմամբ այսօր մինչև հիմա գրանցվել է 7 երկրաշարժ:
Կարդացեք նաև՝
Սամեբայում 4 ժամում 6-րդ երկրաշարժն է գրանցվել
Եվս երկու երկրաշարժ է գրանցվել Սամեբայի մոտակայքում
Ստորգետնյա ուժեղ ցնցումներ են զգացվել Ախալքալաքում