Այսօր՝ հուլիսի 19-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում նշվեց Տերյանական պոեզիայի օրը։ Այս տոնը նշվում է արդեն 59-րդ անգամ։
Այսօր Գանձան մարդաշատ էր ոչ միայն Նինոծմինդայից և Ախալքալաքից, այլև Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանի այլ քաղաքներից ժամանած մարդկանցով, որոնք նշում էին մեծ հայ քնարերգու և բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված տոնը։
Տոնական օրը սկսվեց Սուրբ Կարապետ եկեղեցում, որը կառուցվել է Վահան Տերյանի պապի՝ Տեր Գրիգորի կողմից 1859 թվականին, որտեղ մատուցվեց Սուրբ Պատարագ: Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին Վահան Տերյանի տուն-թանգարանում:
Միջոցառմանը ներկա էին Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների այլ պաշտոնյաներ: Պատվավոր հյուրերի թվում էին «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն Կարեն Ավետիսյանը և նրա թիմը, որը նկարահանում է Տերյանի մասին վավերագրական ֆիլմ, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի թիմը և այլ մշակութային գործիչներ ու մտավորականներ:
Պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցավ ավանդական համերգ, որին մասնակցեցին Գանձայի և Նինոծմինդայի համույթները՝ կատարելով ավանդական պարեր և երգեր, իսկ տաղանդավոր երիտասարդներն ասմունքեցին բանաստեղծություններ:
Հարկ է նշել, որ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի, տեղական իշխանությունների և բարերարների համագործակցությամբ թանգարանի ցուցասրահը վերականգնվել է 2021 թվականին, իսկ Վահան Տերյանի հայրական տունը՝ 2025 թվականին։ Այս առիթով անցյալ տարի Տերյանի 140-ամյակի առթիվ տեղի է ունեցել բացման հանդիսավոր արարողություն՝ Թբիլիսիից և Հայաստանից ժամանած պատվավոր հյուրերի մասնակցությամբ և մեծ համերգով։











