«Քաղաքացիական բյուջե 2026» ծրագիրը մեկնարկել է Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Բնակիչների հետ առաջին տեղեկատվական հանդիպումները տեղի են ունեցել հուլիսի 16-ին քաղաքի երեք թաղամասերում՝ Նորաշենում, Ջոջաշենում և Խոջաբեկում։ Քննարկումներին մասնակցել են քաղաքապետարանի, սակրեբուլոյի ներկայացուցիչները և տեղի բնակիչները։ Ի տարբերություն Նինոծմինդայի, Ախալքալաքի մունիցիպալիտետն այս տարի նախնական քաղաքացիական բյուջետավորում չի ունենալու։
Ինչպես տեղեկատվական հանդիպումների ժամանակ նշել է Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ծրագրի հիմնական նպատակն է ներգրավել բնակիչներին մունիցիպալ կառավարմանը և որոշումների կայացմանը։
«Քաղաքացիների բյուջեն մարդկանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել, թե որ նախագծերին են հատկացվելու տեղական բյուջեի միջոցները, ինչպես նաև բարձրացնել և լուծել իրենց շրջանների ամենահրատապ խնդիրները», — տեղեկատվական հանդիպումների ժամանակ ասել է քաղաքապետը։
Այս տարի ծրագրի իրականացման համար տեղական բյուջեից հատկացվել է 50,000 լարի։ Այս միջոցները կօգտագործվեն բնակիչների կողմից առաջարկվող նախագծերի ֆինանսավորման համար։ Կարող են դիմել Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցված կամ փաստացի բնակվող Վրաստանի քաղաքացիները: Նինոծմինդայի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի տվյալներով՝ դիմումների ընդունման գործընթացը սկսվել է հուլիսի 20-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 20-ը:
«Մենք հիմա հանդիպեցինք քաղաքի բնակիչների հետ և տեղեկացրինք նրանց, որ «Քաղաքացիական բյուջե 2026» ծրագիրն այս տարի կիրականացվի նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետում, և նրանք իրավունք ունեն իրենց գաղափարները ներկայացնել քաղաքապետարան։ Դիմումները կընդունվեն մինչև օգոստոսի 20-ը, որից հետո քննարկումները տեղի կունենան մինչև սեպտեմբերի 1-ը։ Եթե ներկայացված դիմումները համապատասխանեն բոլոր չափանիշներին, սեպտեմբերին կանցկացվեն ընտրություններ, որոնց ընթացքում բնակիչները կընտրեն իրականացվող նախագիծը», — հայտնեցին Նինոծմինդայի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Առաջնային տեղեկատվական հանդիպումների ժամանակ բնակիչներն արդեն իսկ ուրվագծել են իրենց որոշ առաջնահերթություններ։ Նորաշեն և Ջոջաշեն թաղամասերում մասնակիցները միաձայն աջակցել են նոր հանգստի զբոսայգու կառուցման գաղափարին։ Խոջաբեկի բնակիչները հանդես են եկել տեղական հանդիսությունների սրահի վերանորոգման և շրջակա տարածքի բարեկարգման օգտին։ Դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո մունիցիպալիտետը կանցկացնի նախագծերի տեխնիկական և ֆինանսական գնահատում։ Ծրագրի պահանջներին համապատասխանող նախաձեռնությունները կդրվեն քվեարկության, և հաղթող գաղափարի համար կպատրաստվեն նախագծային փաստաթղթեր, որից հետո կսկսվի նախագծի իրականացումը։
Ի տարբերություն Նինոծմինդայի՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեում իրավիճակն այլ է։
Այս նախագիծն Ախալքալաքում իրականացվել է երկու տարվա ընթացքում։ Դրա ավարտից հետո ենթադրվում էր, որ քաղաքապետարանը կշարունակի գործընթացն ինքնուրույն։ Սակայն ընտրված գաղափարը չիրականացվեց 2025 թվականին, և 2026 թվականի բյուջեի նախագծում չկա «քաղաքացիական բյուջետավորում» վերնագրով բաժին։
«Մենք դեռ որևէ փոփոխություն չենք կատարել այս հարցում։ Նույնիսկ որևէ քննարկում չի եղել այդ հարցի շուրջ։ Ինչ վերաբերում է անցյալ տարվա գաղափարին, որքանով ես գիտեմ, նախագծի հետ կապված խնդիրներ կային», — ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանը։
Հիշեցնենք, որ Ախալքալաքում 2023 և 2024 թվականներին իրականացվել է «Հասարակության հնարավորությունների ընդլայնում սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում իրավահավասար և բազմակողմ մասնակցության համար» նախագիծը, որի շրջանակներում սովորական քաղաքացիներին հնարավորություն է տրվել մասնակցելու մունիցիպալիտետի բյուջետավորման գործընթացին։ Նախագծի համաձայն՝ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որը գրանցված է և (կամ) իրականում բնակվում է Ախալքալաք կամ Նինոծմինդա քաղաքում, կարող էր առաջարկել իր գաղափարը՝ ուղղված մունիցիպալիտետի ընդհանուր բարելավմանը։ Քաղաքացիական բյուջետավորման իրականացման հիմնական նպատակը բնակչությանը քաղաքային կամ մարզային կառավարման գործընթացներին ներգրավելն էր: Այն թույլ էր տալիս քաղաքացիներին ինքնուրույն որոշել, թե ինչպես օգտագործել և բաշխել տեղական բյուջեի գումարը։ Նախագիծն իրականացրել է «HEKS-EPER Georgia» կազմակերպությունը՝ Սամցխե-Ջավախեթիում իր գործընկերոջ՝ Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոնի (SCCSF) աջակցությամբ։
Քաղաքացիական բյուջետավորման իրականացման 2 տարիների ընթացքում տեղական իշխանություններն Ախալքալաքում քաղաքացիական նախագծերի համար հատկացրել են 80 000 լարի (30 000 լարի 2023-2024 թվականներին և 50 000 լարի 2024-2025 թվականներին), իսկ Նինոծմինդայում՝ 50 000 լարի (20 000 լարի 2023-2024 թվականներին և 30 000 լարի 2024-2025 թվականներին):
Երկու նախագիծ այս ընթացքում իրականացվել է: Քվեարկության արդյունքում 2024 թվականին Ախալքալաքում տեղադրել են գովազդային վահանակը, իսկ Նինոծմինդայի Նորաշենում մարզագույքն է ձեռք բերվել:
2025 թվականին Ախալքալաքում իրականացվելու համար ընտրվել են Ճգնավոր սրբավայր տանող ճանապարհի բարեկարգման, իսկ Նինոծմինդայում՝ լողավազանի կառուցման նախագծերը, սակայն, երկու նախագծերն էլ, վերջնական հաշվով, այդպես էլ չեն իրականացվել: Նինոծմինդայի քաղաքապետարանը բացատրել է, որ պատճառը «նախագծի անիրագործելիությունն» է և «այլ պատճառներ»: Ախալքալաքում պլանավորումը ցույց է տվել, որ այս աշխատանքների ծավալը (ասֆալտ, նստարաններ և լուսավորություն) անհնար է կատարել 50 000 լարիով: Որոշվել է հետաձգել նախագիծը: Ախալքալաքի ներկայիս բյուջեն չի ներառում Ճգնավոր սրբավայրի բարեկարգման նախագծի համար որևէ միջոց:
Քաղաքացիական բյուջետավորման ներդրումից հետո երկու տարվա ընթացքում Նինոծմինդայի քաղաքացիների կողմից ներկայացվել է հինգ գաղափար, իսկ Ախալքալաքում՝ յոթ: Մինչ Ախալքալաքն առաջնահերթություն է տվել զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանը, Նինոծմինդան առաջնահերթ նախապատվությունը տվել է սպորտային նախագծերին:



