Ուժեղ կարկուտը հսկայական վնաս է հասցրել Խանդո և Օրջա գյուղերի ցանքատարածություններին: Բնակիչները չեն ապահովագրել իրենց բերքը, սակայն հույս ունեն, որ պետությունը կօգնի իրենց, և, հետևաբար, դիմել են Ախալքալաքի քաղաքապետարան:
Ըստ Խանդո գյուղի բնակիչների, կարկուտը տևել է մոտ 15-20 րոպե: Ամենաշատը տուժել են կարտոֆիլի և հացահատկի դաշտերը:
Խանդո գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Աշոտ Սահարյանը հավաստիացնում է, որ ամենից շատ տուժել են գյուղից դուրս գտնվող ցանքատարածությունները: Վնասի ճշգրիտ չափը դեռ չի հաշվարկվել, բայց նախնական տվյալներով՝ կարկուտը ոչնչացրել է մոտ 400-500 հա բերք:
«Ես կատարվածի մասին տեղեկացրել եմ քաղաքապետարանին: Բայց, մեր հողամասերը ապահովագրված չեն, տեսնենք պետության կողմից օգնություն կլինի՞, թե՝ ոչ», – ասաց Խանդո գյուղում քաղաքապետի ներկայացուցիչը:
«Կարկուտն ամբողջովին ոչնչացրել է 20 հեկտար կարտոֆիլ, ես չեմ ապահովագրել բերքը, չգիտեմ, միգուցե պետությունը ինչ-որ բանով կօգնի», – ասում է Խանդո գյուղի բնակիչը:
Գյուղացիների խոսքով՝ իրենք չեն ապահովագրել բերքը, քանի որ իրենց հողամասերը գրանցված չեն, և, հետևաբար, ապահովագրությունը շատ ավելի թանկ է:
Ըստ Վրաստանի Գյուղի և գյուղատնտեսական զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեի, նա աղետի մասին հաղորդել է նախարարությանը, բայց մինչ օրս պատասխան չի ստացել:
«Մենք սպասում ենք պատասխանի, բայց քիչ հավանական է, որ տուժածները փոխհատուցում ստանան, քանի որ հողերը ապահովագրված չեն», – ասում է նա:
Խանդոյում 15 րոպե տևած կարկուտի վնասի չափը ճշտվում է
Կարկուտը ոչնչացրել է Օրջա գյուղի բերքը
Բրատիսլավ Իգիթխանյան