Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղից Վարազդատ Հակոբյանը հոլանդական (Հոլշտեյն) ցեղատեսակի կով է պահում: Ձմռանը նա ուզում էր հրաժարվել դրանք պահելուց, նույնիսկ մի քանի կով վաճառում է, բայց հետո միտքը փոխում է ու նորից գնում է, քանի որ գյուղում ուրիշ անելիք չկա։

Վարազդատ Հակոբյանը 2017 թվականից զբաղվում է անասնապահական բիզնեսով։ 2019 թվականին նա գնում է 15 Հոլշտեյն ցեղատեսակի կով։ Կովերը կաթ շատ էին տալիս, բայց և շատ էին ուտում, պահանջում էին հատուկ կեր, խնամք և պայմաններ։ Վարազդատ Հակոբյանը 2023 թվականի ձմռանը վաճառում է 9 կով, սակայն հետո հունիսին գնում է նույն ցեղատեսակի ևս 12 կով։ Այսօր նա ունի 16 կով, 1 ցուլ և հորթեր։

Վարազդատ Հակոբյանը մեկ կովը վաճառում է 6000 լարիով, գնում՝ 8000 լարիով։ Նրա խոսքով, ներառյալ տրանսպորտավորումը, յուրաքանչյուր կովն իր վրա արժեցել է 2500 եվրո։

«Այս տարի խոտը շատ է ու էժան, ճիշտ է, նրանք շատ են ուտում, բայց հերիքում է, գյուղում ուրիշ բան չկա անելու, կով պահելը ձեռնտու է, ուղղակի կաթն էժան է, եթե թանկանա մի քիչ, ապա լավ կլինի»,- ասում է Վարազդատ Հակոբյանը։

Հակոբյանի խոսքով, իր կովերը գնողները շատ գոհ են: Նա կովերը վաճառել է Գորելովկա գյուղի ֆերմերներին։

Այս ցեղատեսակի յուրաքանչյուր կով 3-4-րդ ծննդաբերությունից հետո օրական տալիս է 40-45 լիտր կաթ։ Առաջին անգամ ծնելուց հետո՝ 25 լիտր։ Ֆերմերի խոսքով, կովերն արդեն սովոր են տեղական կերին ու մեծ հոգսեր չեն պատճառում, նաև ֆերմերներն իրենք էլ արդեն սովորել են խնամել եվրոպական կովերին։

Հակոբյաններն ընտանիքով աշխատում են ֆերմայում։ Ձմռանը կովերին վաճառելուց հետո նրանք հասկացան, որ գյուղում ուրիշ անելիք չկա։ Հակոբյանների ընտանիքը շատ գյուղատնտեսական հող չունի կարտոֆիլ աճեցնելու համար, ուստի որոշում են նորից կով գնել։ Դադեշ գյուղն ունի շատ արոտավայրեր, գյուղի դիրքը բարենպաստ է անասնապահության զարգացման համար։ Վարազդատը մեկ լիտր կաթը հանձնում է 1 լարիով:

«Եթե կաթի գինը գոնե 1,80 լարի լիներ, ապա անասնակերի մեջ կարող էինք շատ վիտամիններ ավելացնել, որոնք նպաստում են կաթի քանակի ավելացմանը, հուսով եմ ձմռանը կաթի գինը կթանկանա, իմ կարծիքով, պետությունը պետք է կարգավորի գները»,- ասում է Վարազդատ Հակոբյանը։

Վերջինս գրանցված է ֆերմերների տվյալների բազայում, և հույս ուներ, որ կլինեն անասնապահական ծրագրեր, որոնց ինքը կմասնակցեր, և ընդհանրապես հույս ուներ, որ պետությունը կօգնի։ Նա դժգոհում է, որ այսքան տարի զբաղվում է անասնապահությամբ, իսկ կառավարությունից ոչ մի աջակցություն չի ստացել։

«Ուզում եմ անասնապահությունն ընդլայնել, բայց տարածք չունեմ, որ կովերի համար նոր գոմ կառուցեմ: Հիմա 2 կով արդեն ծնել են, 13 կով հորթերի են սպասում, որտեղ պահեմ: Հայրս ֆերմայի տնօրենն էր, հետո նա գնեց այդ ֆերման, բայց հիմա այն ինձ չեն տալիս, որ ես ֆերմաս ընդլայնեմ, անդորրագիրն ու այլ փաստաթղթերն ունեմ: Ասում են չեն կարող, իսկ ես ինչ անեմ»,- ասում է Վարազդատ Հակոբյանը։

Եվրոպական կովերը Դադեշում չընտելացան

Եվրոպական կովերը Ջավախքի գոմերում