Այսօր՝ հոկտեմբերի 25-ին Ախալքալաքի շրջանում ուժեղ ձյուն տեղաց, բարձրադիր գյուղերում ձյան շերտը ծածկել է կարտոֆիլի դաշտերը։
Ախալքալաքի շրջանի Սամսար գյուղում կարտոֆիլի մոտավոր 20%-ը մնացել է ձյան տակ, բարձրադիր վայրերում ցրտահարման վտանգը մեծ է, գյուղացիները շփոթված են, մարդիկ նույնիսկ վախենում են խոսել արդյո՞ք բերքը կցրտահարվի:
«Մոտ 2․5 հեկտար կարտոֆիլ ունենք դրսում, անբարենպաստ եղանակի պատճառով հոկտեմբերի սկզբին չկարողացանք հավաքել, իսկ հետո աշխատուժ չկարողացանք գտնել։ Սերմացու գնելը և մշակելը մեծ ծախսերի հետ է կապված, եթե ցրտահարվի շատ մեծ կորուստ կունենանք», – Jnews-ի հետ զրույցում ասաց Սամսար գյուղի բնակիչ Արտյոմ Հարությունյանը։
Ախալքալաքի Բիզնես-կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը պարզաբանում է՝ կան այնպիսի կարտոֆիլի տեսակներ, որոնք հողի ավելի խորը շերտում են աճում և ցրտահարման վտանգ այս տեսակներին չի սպառնում:
Ըստ նրա մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքի մոտ 50%-ը դեռ հավաքած չէ։
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության Ախալքալաքի խորհրդա-տեղեկատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեն ասում է, որ ցրտահարության վտանգն այնքան էլ մեծ չէ, իսկ ցրտահարվելու դեպքում պետության կողմից օրենքով նախատեսված որևէ փոխհատուցում չկա։
Ընդգծենք, որ Ախալքալաքում գիշերը սպասվում է -2 աստիճանից մինչև -5 աստիճան սառնամանիք:
Նշենք, որ տարին գյուղատնտեսական առումով Ախալքալաքում հաջող էր, ոչ միայն բերքատվությունն էր բարձր, այլև՝ բերքի գինը: