Չորս օր ընդմիջումից հետո, միանգամից երկու արջ է այցելել Ախալքալաքի շրջանի Խավեթ գյուղ: Կրկին ավիրել են Լիպարիտ Պետրոսյանին պատկանող մեղվանոցը, բայց տեսնելով տանտերերին արագ հեռացել են տարածքից:

Հունիսի 20-ի ժամը 23։00-ի սահմաններում, ականատեսների պատմելով, երկու մեծ արջ, որոնք մոտավոր 350 կգ կլինեին, ավիրել են Պետրոսյաններին պատկանող մեղվանոցը:

«Հարևանս զանգեց ասաց, դուրս արի տնից, արջը փեթակներդ է քանդում, լուսարձակը վերցրի դուրս եկա, տեսնեմ ինչ, ոչ թե արջը, այլ՝ արջերը, մեզ տեսան վախեցան, փախան: Մեր հարևանը նկուղ է կառուցում, այն դեռ կիսակառույց է, և այնտեղ մոտ 2 մետր խորությամբ փոս կա, արջերից մեկը չտեսավ և վազելով գնաց ընկավ մեջը, սակայն շատ արագ կարողացավ դուրս գալ և հեռանալ», – պատմում Լիպարիտը։

Նա զանգահարել է 112, նրան ասել են, որ պետք է տեղեկացնի քաղաքապետարան, բայց քանի որ արդեն դիմել էր քաղաքապետարան և գիտեր, որ իրեն ոչ մի բանով չեն կարող օգնել, ստիպված նորից զանգահարում է 112:

«Ասացի, որ մենք Վրաստան ենք ապրում, հետո ինչ, որ ազգությամբ հայ ենք, ու՞մ զանգեմ, քաղաքապետին եմ ասում, ասում է ոչ մի բանով չի կարող օգնել, եթե դուք էլ չեք կարող օգնել, ի՞նչ անեմ, Թուրքիա զանգեմ, թե՞ Ամերիկա: Մեկ ժամ չէր անցել ոստիկաններ եկան իրենց հետ բերելով լուսաձայնային ազդանշան՝ արջերին վախեցնելու համար», – ասում է նա:

Լիպարիտ Պետրոսյանը արդեն կորցրել է հաշիվը, նույնիսկ չի հավում կրած վնասի չափը, քանի որ չգիտի ում դիմի փոհատուցում ստանալու համար: Հետաքրքրական է, որ արջն ամեն անգամ նրա մեղվանոց մտնելիս կարծես ընտրություն է կատարում և ավիրում է հին մեղուների փեթակները, որոնք ավելի շատ են մեղր տալիս և որոնց նվազագույն արժեքը 600 լարի է։ Վերջին մեկ շաբաթում արջը Լիպարիտի մեղվանոցում արդեն հասցրել է թվով 5 փեթակ քանդել։


Արջի արկածները Ջավախքում. ևս մի քանի գյուղ է այցելել

Քաղաքապետարանը չի փոխհատուցի արջի հասցրած վնասը

Արջը Ջավախքում մտել է մեղվանոց և կերել մեղրը

Տեսախցիկները Ջավախքում ֆիքսել են «չարաճճի» արջին