Նինոծմինդայի մունիցիպալիտետում շարունակվում է «Քաղաքացիական բյուջե – 2026» ծրագրի իրականացումը։ Այս տարի ևս բնակիչները հնարավորություն են ստացել առաջարկելու իրենց թաղամասերի համար նախատեսված նախագծեր, ապա գաղտնի քվեարկության միջոցով որոշելու, թե նախաձեռնություններից որը պետք է ֆինանսավորվի տեղական բյուջեից։
Քվեարկությանը մասնակցել է 259 բնակիչ։ Քվեարկության արդյունքներով հաղթել է Արտյուշ Մոսոյանի «Խոջաբեկ թաղամասում գտնվող հանդիսությունների տան մասնակի վերանորոգում» նախագիծը, որը ստացել է 160 ձայն։ Հովհաննես Մզիկյանի «Նորաշեն թաղամասում այգու կառուցում» նախագիծը ստացել է 45 ձայն, իսկ Հայկազ Էլոյանի «Ճոճաշեն թաղամասում զբոսայգու կառուցում» նախաձեռնությունը՝ 54 ձայն։ Այսպիսով, 2026 թվականին Նինոծմինդայի քաղաքացիական բյուջեի միջոցներն ուղղվելու են անմիջապես բնակիչների կողմից ընտրված նախագծի իրականացմանը։
Նինոծմինդայի մունիցիպալիտետում «Քաղաքացիական բյուջե – 2026» ծրագիրը մեկնարկել է բնակիչների հետ տեղեկատվական հանդիպումներով։ Առաջին հանդիպումները հուլիսի 16-ին անցկացվել են Նորաշեն, Ճոճաշեն և Խոջաբեկ թաղամասերում։ Ծրագրի իրականացման համար տեղական բյուջեով նախատեսվել է 50 հազար լարի։ Հայտեր կարող էին ներկայացնել Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցված կամ փաստացի բնակվող Վրաստանի քաղաքացիները։
Հայտերի ընդունումն իրականացվել է հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը։ Դրանից հետո նախաձեռնությունները պետք է քննարկվեին, իսկ սահմանված պահանջներին համապատասխանող նախագծերը՝ անցնեին տեխնիկական և ֆինանսական գնահատում։ Այնուհետև մունիցիպալիտետի բնակիչները քվեարկության միջոցով որոշել են այն նախաձեռնությունը, որը պետք է իրականացվի։ Դեռևս առաջին հանդիպումների փուլում բնակիչները ներկայացրել էին իրենց թաղամասերի հիմնական խնդիրները։ Նորաշենում և Ճոճաշենում քննարկումների մասնակիցները պաշտպանել էին հանգստի համար նախատեսված այգիների կառուցման գաղափարը։ Խոջաբեկում բնակիչներն առաջարկել էին վերանորոգել տեղի հանդիսությունների տունը և բարեկարգել հարակից տարածքը։ Հենց այս նախագիծն էլ, ի վերջո, քվեարկության ժամանակ ստացել է ամենամեծ աջակցությունը։
Հարևան Ախալքալաքի մունիցիպալիտետում իրավիճակն այլ է։ 2026 թվականին քաղաքացիական բյուջետավորման ծրագրի շարունակություն նախատեսված չի եղել։
Ինչպես ամեն ինչ սկսվեց
Քաղաքացիական բյուջետավորումն Ախալքալաքում և Նինոծմինդայում ներդրվել է «Հասարակության հնարավորությունների ընդլայնում՝ սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և համակողմանի մասնակցության համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է 2023–2024 թվականներին։ Ծրագիրն իրականացրել է «HEKS-EPER Georgia» կազմակերպությունը՝ Սամցխե-Ջավախեթիի գործընկեր՝ Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոնի (SCCSF) աջակցությամբ։
Ծրագիրը բնակիչներին հնարավորություն էր տալիս առաջարկել մունիցիպալիտետի զարգացմանն ուղղված սեփական գաղափարները, որից հետո նախագծերն անցնում էին գնահատում և ներկայացվում քվեարկության։ Այսպիսով, տեղական բյուջեի միջոցների ծախսման վերաբերյալ որոշումների մի մասը կայացվում էր անմիջապես բնակիչների կողմից։
Ախալքալաքում տարբեր տարիներին քաղաքացիական նախագծերի համար ընդհանուր առմամբ նախատեսվել է 80 հազար լարի՝ 30 հազար լարի՝ 2023–2024 թվականներին և 50 հազար լարի՝ 2024–2025 թվականներին։ Նինոծմինդայում ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է 50 հազար լարի՝ 20 հազար լարի՝ 2023–2024 թվականներին և 30 հազար լարի՝ 2024–2025 թվականներին։
Ծրագրի իրականացման ընթացքում երկու մունիցիպալիտետներում էլ ընտրվել են նախագծեր։ Ախալքալաքում 2024 թվականին բնակիչների քվեարկության արդյունքներով տեղադրվել է տեղեկատվական վահանակ։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Նորաշեն գյուղում ծրագրի միջոցներով ձեռք է բերվել մարզագույք։ Սակայն ծրագրի հետագա իրականացումը բախվել է խնդիրների։
2025 թվականի քաղաքացիական բյուջեի շրջանակում Ախալքալաքի բնակիչներն ընտրել էին Ճգնավոր սրբավայր տանող ճանապարհի բարեկարգման նախագիծը։ Նախատեսվում էր իրականացնել ասֆալտապատման աշխատանքներ, տեղադրել նստարաններ և լուսավորություն։ Նույն ժամանակահատվածում Նինոծմինդայի բնակիչներն ընտրել էին լողավազանի կառուցման նախագիծը։
Ի վերջո, երկու նախագծերից և ոչ մեկը չի իրականացվել։ Նինոծմինդայի քաղաքապետարանում պատճառներից մեկը նշել էին «նախագծի ոչ նպատակահարմարությունը» և այլ հանգամանքներ։ Ախալքալաքում, սակայն, պլանավորման փուլում պարզվել էր, որ նախատեսված 50 հազար լարին բավարար չէ նախատեսված աշխատանքների ամբողջ ծավալն իրականացնելու համար։ Արդյունքում որոշվել էր հետաձգել Ճգնավոր տանող ճանապարհի բարեկարգման նախագիծը։ Ախալքալաքի մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեում այս նախագծի համար առանձին ֆինանսավորում նախատեսված չէ։
Ինչ ցույց տվեց երկու մունիցիպալիտետների փորձը
Քաղաքացիական բյուջետավորման ներդրման երկու տարիների ընթացքում Նինոծմինդայի բնակիչները ներկայացրել են հինգ գաղափար, իսկ Ախալքալաքում առաջարկվել է յոթ նախաձեռնություն։ Միևնույն ժամանակ երկու մունիցիպալիտետների բնակիչների առաջնահերթությունները զգալիորեն տարբերվել են։ Ախալքալաքում առաջարկների զգալի մասը վերաբերում էր բարեկարգման և զբոսաշրջային ենթակառուցվածքների նախագծերին։ Նինոծմինդայում բնակիչներն ավելի հաճախ առաջարկում էին սպորտային նախագծեր և հանրային տարածքների հետ կապված օբյեկտներ։
Երկու մունիցիպալիտետների փորձը ցույց է տալիս նաև քաղաքացիական բյուջետավորման մեկ այլ կողմը․ միայն քվեարկությունը բավարար չէ նախագիծն իրականացնելու համար։ Բնակիչների կողմից նախաձեռնությունն ընտրվելուց հետո անհրաժեշտ է որոշել դրա տեխնիկական իրագործելիությունը, արժեքը և առկա բյուջեին համապատասխանությունը։
Ճգնավոր տանող ճանապարհին վերաբերող Ախալքալաքի նախագծի պատմությունը նման օրինակներից մեկն է։ Նախագիծը ստացել էր բնակիչների աջակցությունը, սակայն հատկացված միջոցները բավարար չէին ի սկզբանե նախատեսված աշխատանքների ամբողջ ծավալն իրականացնելու համար։ Նմանատիպ խնդիր եղել է նաև Նինոծմինդայում, սակայն այնտեղ որոշվել է ծրագիրը շարունակել նաև 2026 թվականին։
Առայժմ Ախալքալաքում քաղաքացիական բյուջետավորման ծրագրի վերսկսման հարցը բաց է մնում։ Մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեի նախագծում «քաղաքացիական բյուջետավորում» առանձին հոդված նախատեսված չէ։


