Վերջին օրերին արջը որոշել է հերթով «այցելել» Ախալքալաքի շրջանի Կարծախ, Խավեթ, Դադեշ և այլ գյուղեր: Հետաքրքիր զուգատիպությամբ արջը բոլոր գյուղերում նույնչափ մեղր է ուտում, քանդում փեթակներն ու հեռանում:
Խավեթում արջն առաջին անգամ չէ, որ հյուրընկալվում է: Այստեղ կատակում են՝ մանրամասների համար կարող եք զանգել արջին:
Լիպարիտ Պետրոսյանի փեթակները տեղադրված են իր սենյակի պատուհանից ընդամնեը 3 մետր հեռավորության վրա։ Արջը 13 փեթակից, միայն 3-ն է կերել, մի քանիսը քանդել ու հեռացել։
«Հետքերով գնացինք մինչև դաշտեր երևում էր, խոտերի մեջ արդեն կորցրինք հետքը, որ նայում ես նվազագույնը 300-400 կգ քաշով արջ է եղել»,- ասում է նա։
«Առավոտյան տեսա, որ փեթակները տակնուվրա էր արված, ջարդված, մեղրը՝ կերած, հետքերից հասկացանք, որ արջ է եղել»,-ասում է նա։
Ընդհանուր առմամբ Լիպարիտը կրել է 500-600 լարիի վնաս։
Նա արդեն դիմել է քաղաքապետարան, որպեսզի փոխհատուցում ստանա։
«Այսօր արջին խփելը 50 000 լարի է, բայց իմ ապրուստի միջոցն էլ սա է, մարդ չի եկել այստեղ, սակայն նկարներ են ուզել, ուղարկել եմ», – ասում է Լիպարիտը:
Իսկ Կարծախում արջը մտել է Բագրատ Մոսոյանի մեղվանոց: Նրա խոսքով, արջը ժայռից է իջել ու ավիրել իր մեղվանոցը: Այստեղ ևս երեք փեթակ է կերել, մի քանիսը քանդել ու սատկացրել մեղուներին:
Կարծախում Մոսոյանների ընտանիքը միակն է, որ մեղու են պահում: Նա 1000-1500 լարիի վնաս է կրել: Ընդհանուր 25 փեթակ ունի:
«Ես չեմ տեսել, բայց ասում են քոթոթների հետ է եղել։ Հիմնականում անհանգստանում եմ նրա համար, որ ժամանակի ընթացքում կարող է ավելի մեծ վնաս տալ, հատկապես մարդկանց վնասել: Հարցը այստեղ մեղուն չէ։ Պետք է միջոցներ ձեռնարկել, կարող է այսօր չգա, վաղը՝ գա։ Ես 65 տարեկան եմ, նման դեպք դեռ չէր եղել»,- ասում է Բագրատը։
Մոսոյանների շունը վախեցած է, նույնիսկ մեզ տեսնելուց անգամ բնից դուրս չեկավ։ Տանտերը փաստում է, բնական է, որ հսկա արջին տեսնելուց հետո շունը վախեցած է։
Փոխհատուցման համար Մոսոյանները դեռ չեն դիմել:
Գլխավոր նկարը՝ համացանցից
Արջը Ջավախքում մտել է մեղվանոց և կերել մեղրը