Ջավախքի գյուղերի անվանումների ճշգրտման պրոցեսն ավարտված է: Այժմ ընթանում է ցուցանակների պատրաստման գործընթացը, որից հետո կտեղադրվեն գյուղերի մուտքերին:
Ջավախքի որոշ գյուղերի անվանումները տարբեր են գրվում պետական ու շրջանային փաստաթղթերում: Ցուցանակների վրա հնարավոր է երրորդ տարբերակ, իսկ գյուղացիներն իրենք իրենց գյուղն այլ կերպ են անվանում: Անվանումների ճշգրտման գործընթացն ավարտված է: Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտը նոր ցուցանակներ կտեղադրի այն վայրերում, որտեղ անհրաժեշտություն կա:
Ինչպես Սամցխե-Ջավախք տարածաշրջանում, այնպես էլ Ախալքալաքում ընթանում էր գյուղերի և քաղաքների տեղանունների ճշգրտման պրոցես: Վրաստանի Լեզվի պալատն արդեն ուսումնասիրել և նոր ցանկն ուղարկել է նահանգապետարան, այնուհետև Ճանապարհային դեպարտամենտ, որպեսզի փոխեն աղավաղված ցուցանակները:
Ջավախքի գյուղերի կորած ցուցանակները
Գյուղերի անվանումների ճշգրտման պրոցեսն ավարտված է
Ախալքալաքի շրջանում նոր ցուցանակներ կտեղադրի «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը: Ընկերությունը սեպտեմբերի 12-ին Ճանապարհային դեպարտամենտից հանձնարարություն է ստացել աշխատանքներն սկսելու համար:
«ՋավախԱվտոԳզա» ընկերության գործադիր տնօրեն Ջաբա Ձիրկվաձեն JNews-ի հետ զրույցում ասաց, որ նոր ցուցանակների պատվերն առաջիկա երկու օրերին կուղարկեն և դրանք պատրաստ կլինեն մոտավորապես 10 օրում։
«Սա ճանապարհային Վարչության կողմից անմիջական հանձնարարություն է, որը ստացել ենք նամակի տեսքով, որտեղ էլ գրված է, կոնկրետ, որ գյուղերի ցուցանակները կփոխվեն կամ նորերը կտեղադրվեն։ Ցուցանակները պետք է պատվիրենք, մի շաբաթից պատրաստ կլինեն: Տաս օրվա ընթացքում կավարտենք այս գործընթացը», – ասաց Ջաբա Ձիրկվաձեն։
Թե կոնկրետ, որ ցուցանակներն են փոխարինվելու և տեղադրվելու Jnews-ը դեռ չի կարողացել ճշտել: Վրաստանի Ճանապարհային վարչությունից մեզ տեղեկացրին, որ նոր ցուցանակները կտեղադրվեն Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից ուղարկված նամակի հիման վրա, որում նշված է՝ թե ցուցանակների քանակը, թե անվանումները, և թե գտնվելու վայրը։
Ճանապարհային վարչությունից նշեցին, որ ցուցանակների փոխման կամ տեղադրման պատճառները տարբեր են՝ որոշ գյուղերում ընդհանրապես բացակայում է ցուցանակը, որոշները վնասված են, իսկ որոշ գյուղերի անվանումները սխալ են գրված։
Իսկ Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժնում այս մասին ոչ մի տեղեկություն չունեին: Ենթակառուցվածքային ծառայության մասնագետ Ռազմիկ Նահատակյանի խոսքով, տվյալ նախագիծը իրենց չի պատկանում և իրենք տեղյակ չեն ծրագրից։
Ռիմա Մառանգոզյան