Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ՝ Հենզել Մկոյանն ու Սամվել Մանուկյանը դեմ չեն մեծամասնական շրջանների կրճատմանը, որովհետև, ինչպես նախկին ընտրահամակարգի դեպքում, այնպես էլ նորի՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններին հասնում է մեկ մեծամասնական պատգամավոր:
Մարտի 8-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և ընդդիմությունը պայմանավորվածության են եկել 2020 թ.-ի ընտրությունների շուրջ: Համաձայնագիրը ստորագրվել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանը, կողմերը համաձայնել են, որ Վրաստանի 150-տեղանոց խորհրդարան կանցնի 120 պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, 30–ը՝ մեծամասնականով։ Ինչպես նաև սահմանվել է 1-տոկոսանոց ընտրական շեմ, իսկ խորհրդարանական մեծամասնություն, որը կունենա կառավարություն ձևավորելու իրավունք, հնարավոր կլինի կազմել պատգամավորական մանդատների 40 տոկոսով։
Համաձայն գործող Սահմանադրության՝ խորհրդարանում կա 73 մեծամասնական մանդատ, այսինքն՝ սա էական զիջում է իշխանությունների կողմից:
Jnews-ը փորձեց պարզել, թե վերոնշյալ համաձայնագրի մասին ի՞նչ են մտածում Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից ընտրված մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը և համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Սամվելը Մանուկյանը, ովքեր դեմ և ձեռնպահ էին քվեարկել համամասնական ընտրական համակարգին։
«Ինձ հետաքրքրում է մեր շրջանը, եթե մեր շրջանին չի վերաբերվի և մենք կունենանք մեր մաժորիտար պատգամավորը, ինձ բավարարում է նրանց մտածածը։ Շրջանները դեռ կիսած չէ, սակայն գրված է, որ ազգային փոքրամասնություններին չեն նեղացնի։ Ես մտածում եմ, որ լավ է լինելու: Ավելի ճիշտ կլիներ մնար նույն սիստեմը, սակայն, եթե ընդդիմությունը և մեր այսօրվա կառավարությունը գտնում են, որ այս փոփոխությունը ճիշտ կլինի պետության զարգացման համար, թող լինի այդպես», – ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը։
Մանուկյանը հավելեց, որ մեր տարածաշրջանի վրա ընտրական համակարգի այս փոփոխությունն ազդեցություն չի ունենա, քանի որ, ըստ նրա մեր շրջանը կունենա մեծամասնական պատգամավոր։
«Մեր տարածաշրջանը կունենա իր մեծամսանական պատգամավորը, դրա մասին խոսված է արդեն, և անկասկած այդպես կլինի։ Իհարկե, ես կցանկանայի, որ մեծամասնական պատգամավորների քանակը չնվազեր, սակայն մենք թույլ չենք տա, կուսակցությունն էլ թույլ չի տա, որ մեր մոտ չլինի մեծամասնական պատգամավոր։ Հենց Վենետիկի հանձանժողովի խորհուրդն էլ կայանում է նրանում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքները չպետք է խախտվեն։ Ազգային փոքրամասնությունները պետք է ունենան իրենց պատգամավորը, ում որ ճանաչում են, ում հետ կարող են խոսել և ասել նրանց իրենց ասելիքը», – նշեց «Վրացական երազանքի» կողմից համամասնական ընտրակարգով ընտրված խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը։
Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանն ընտրական համակարգի փոփոխությունների վերաբերյալ ասաց հետևյալը.
«Առաջին անգամ, երբ այս հարցը քննարկվեց և ընդդիմությունն ուզում էր, որ անպայման լիներ համամասնական ընտրակարգ և չլինի մեծամասնական, ես դեմ քվեարկեցի, երեք հոգի էին դեմ քվեարկել, որից մեկը՝ ես էի։ Ես դեմ եմ համամասնականին, որովհետև համամասնականը մեր շրջաններին՝ Նինոծմինդային և Ախալքալաքին ձեռնտու չէ։ Ժողովուրդը կարող է հազար ձևի հարցեր ունենա, մարդիկ լեզվի հետ խնդիրներ ունեն, չեն կարող գնալ Թբիլիսի, պետք է, որ ինչ-որ մեկի մոտ գնան և իրենց հարցերի պատասխաններն ստանան», – ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը։
Ժողովրդի խնդիրները կառավարությանը հասցնելու օրինակ է բերում Մկոյանը, հիշելով երկու տարի առաջվա կարտոֆիլի չվաճառվելու խնդիրը։
«Գնացինք, խոսեցինք, խնդրեցինք, ղեկավարությունը չմերժեց, կառավարությունը հատուկ նիստ հրավիրեց, փակեց բոլոր սահմանները և կարտոֆիլի արժեքը բարձրացավ»,- ասաց Հենզել Մկոյանը։
Մեծամասնական ընտրակարգով խորհրդարան մտած պատգամավորը գտնում է, որ այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսիք են՝ Ամերիկան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ֆրանսիայի 70%-ը, Գերմանիան, այդ բոլորը մեծամասնական ընտրական համակարգ ունեն, եթե մեծամասնականը վատ լիներ, ապա այսպիսի զարգացած երկրները լրիվ մեծամասնական չէին լինի։
«Ես ցանկանում եմ, որ դեմոկրատիան ուժեղ զարգանա Վրաստանում, դրա համար ինչ է պետք, որ ընդդիմությունը և իշխող կուսակցությունը ինչ-որ տեղ իրար հետ համաձայնության գան, և վերջապես եկան համաձայնության։ Շատ կարևոր է, որ լարվածություն չլինի, ժողովուրդը հանգստանա, ցույցեր չլինի։ Հաճելի երևույթ չէ, երբ գործի ես գնում ու չես կարողանում մտնել խորհրդարանի շենք։ Ես պետք է կողմ քվերակեմ 30/120 համակարգին, ինչու՞, որովհետև Նինոծմինդա-Ախալքալաքը կունենա իր մեծամասնական պատգամավորը, քանի որ դա արդեն որոշված է, ընդդիմությունն ու «Երազանքն» արդեն ստորագրել են և Նինոծմինդա-Ախալքալաքը մտնում է այդ 30-ի մեջ»,- տեղեկացրեց Մկոյանը։
Միաժամանակ հավելելով՝ չնայած այն հանգամանքին, որպեսզի շրջանը մեծամասնական թեկնածու ունենա, ապա պետք է 130-140 հազար ընտրող ունենա, իսկ Նինոծմինդան և Ախալքալաքը միասին 61 000 ընտրող ունեն, բայց քանի որ այս շրջանները բարձրլեռնային են և ազգային փոքրամասնություն են ներկայացնում, ինչպես նաև հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի խորհուրդը՝ Ախալքալաք-Նինոծմինդան թողել են 30-ի մեջ։
Մարտի 10-ին խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն հայտնեց, որ 2020 թվականի ընտրություններում Սամցխե-Ջավախքում կլինի 2 մեծամասնական ընտրատարածք։
Պատգամավոր Մկոյանի կարծիքով՝ ամբողջ խորհրադարանում ընդամենը երկու կամ երեք պատգամոր դեմ քվեարկի, մյուսները՝ կողմ են։
Օրենսդրական համապատասխան փոփոխություններն առաջարկվում է դիտարկել խորհրդարանի մարտի 11–ին կայանալիք նիստին։ Երեք լսումներից հետո ընդունելու դեպքում փոփոխություններ կկատարվեն Սահմանադրությունում։ Ընտրական նոր համակարգի հաստատման համար անհրաժեշտ է 113 ձայն։
Ըդգծենք, որ ըստ գործող օրենսդրության՝ 150 պատգամավորից 77–ն ընտրվում է համամասնական ընտրակարգով, իսկ 73–ը՝ մեծամասնականով։ Մեծամասնական պատգամավորների այդ թիվն իշխանությանն առավելություն էր տալիս․ որպես կանոն, միամանդատ ընտրատարածքներում հաղթում էին իշխանությունների ներկայացուցիչները։
Իրերի նման դասավորությունը հանգեցրել էր նրան, որ, ըստ 2016 թ.–ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների, իշխող «Վրացական երազանքը» հավաքել էր ընդամենը 48,6% ձայն, սակայն, շնորհիվ մեծամասնական պատգամավորների, խորհրդարանում ընդհանուր առմամբ 115 տեղ էր զբաղեցրել, ինչը թույլ էր տվել սահմանադրական մեծամասնություն ձևավորել։
Իշխանությունների և ընդդիմության համաձայնեցրած նոր սխեման իշխող կուսակցությանն այդպիսի գերառավելություն չի տալիս և ավելի մեծ հնարավորություններ է տալիս ընդդիմությանը։
Գայանե Ակոջյան