Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելն իր մտահոգությունն է հայտնել, որ Քրեական դատավարության օրենսգրքում նոր փոփոխությունների արդյունքում քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիությունը կարող է սահմանափակվել։ Դեսպանը նաև դժգոհություն է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանը չի կատարել իր հանձնարարականները։

Վրաստանի խորհրդարանն ընդունել է Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ, ըստ որոնց՝ ընդլայնվելու է խախտումների ցանկը, ինչի կապակցությամբ թույլատրվելու է քողարկված քննչական գործողությունները և ավելանալու է դրանց տևողությունը։

Վրաստանում ԵՄ դեսպանը մեկնաբանել է տվյալ փոփոխությունը՝ նշելով, որ խորհրդարանն ընդունում է կարևոր օրենսդրական փոփոխություններ՝ առանց տեղական կամ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ խորհրդակցելու, ինչպես նաև առանց եվրոպական չափանիշներին համապատասխանության վերլուծության։

«Չնայած Քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները կարող են օրինական լինել անվտանգության տեսանկյունից, մենք մտահոգությամբ ենք նշում, որ ներկայիս փոփոխությունները զգալիորեն սահմանափակում են Վրաստանի քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիությունը՝ չտրամադրելով բավարար երաշխիքներ անձնական տվյալների պաշտպանության և անձնական կյանք անհիմն ներխուժման համար»,- ասված է մեկնաբանության մեջ։

Հարցելը ափսոսանք է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանը «չլսեց» ԵՄ-ին։ Նա նշել է, որ նույնիսկ նախքան փոփոխությունների ընդունումը ԵՄ-ն կիսել է իր մտավախությունները Վրաստանի խորհրդարանի հետ և առաջարկել է նոր օրենքը ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ գնահատելու դրա համապատասխանությունը եվրոպական չափանիշներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին վերջնական լրամշակման հասցնելու նպատակով։ Նրա խոսքով, այս առաջարկվող խորհրդակցությունները չեն կայացել։

Ինչպես նաև Հարցելի մեկնաբանության մեջ խորհրդարանին կոչ է արվում անհապաղ դիմել Վենետիկի հանձնաժողովին այս օրինագծի վերաբերյալ կարծիք հայտնելու և նրա առաջարկությունները հաշվի առնելու համար։ Իսկ երկրի կառավարությունը կոչ է անում դիվանագիտական հանրությանը տեղեկացնել 2021 թվականի սեպտեմբերին բացահայտված Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիների լայնածավալ հսկողության փաստերի վերաբերյալ խոստացված հետաքննության արդյունքների մասին։