Գերմանիան արգելափակում է Եվրամիությունից Ուկրաինային տրամադրվող ինը միլիարդ եվրոյի ֆինանսական օգնությունը։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով իտալական հրապարակման վրա։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդերը արգելափակում է Եվրամիության կողմից Ուկրաինային հատկացված ինը միլիարդ եվրոյի ֆինանսական տրանշը և մինչ այժմ համաձայնվել է մատակարարել ընդամենը մեկ միլիարդ եվրո։ Հրատարակությունը հայտնում է, որ Գերմանիայի ֆինանսների նախարարը դեմ է ընդհանուր եվրոպական վարկի միջոցով Ուկրաինային միջոցների հատկացմանը, ինչպես դա եղել է Covid-ի համավարակի ժամանակ։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, Լինդերն իր դիրքորոշումը բացատրում է նրանով, որ սեպտեմբերին Ուկրաինան կարող է չկարողանալ վճարել 900 մլն եվրո արտաքին պարտքը։

Մինչ այդ Ուկրաինայի իշխանությունները նշել էին, որ բյուջեի ամսական դեֆիցիտը կազմում է հինգ միլիարդ դոլար և այդ միջոցներն ակնկալում էին գործընկերներից։ Հրատարակության լրագրողների կարծիքով՝ տրանշի հետաձգումը կարող է լինել Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկի պաշտոնանկության պատճառներից մեկը։

Եվրահանձնաժողովը գարնանը Ուկրաինային ինը միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթ է առաջարկել, որից հետո Եվրամիության անդամ երկրների ղեկավարները հաստատել են տրանշը։ Նշված գումարը Ուկրաինային առաջարկվել է որպես վարկ 25 տարով, առանց տոկոսների։ Եվրոպական օգնության առաջին տրանշը՝ մեկ միլիարդ եվրոյի չափով, Եվրախորհրդարանը հաստատել է հուլիսի 7-ին։