ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանը ճանաչել է որպես ահաբեկչական պետություն: Համապատասխան բանաձևն ընդունվել է Մադրիդում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում։ Համագումարի անդամները միաձայն կողմ են արտահայտվել փաստաթղթին։
Ինչպես գրում է «Եվրոպեյսկայա պրավդան», բանաձևը նաև կոչ է անում ստեղծել հատուկ տրիբունալ՝ ռազմական հանցագործությունների համար ռուսական ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար։
«Մենք նաև կոչ ենք անում մեր կառավարությանը ձեռնարկել հաջորդ քայլերը՝ կապված ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հետ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք ճանաչում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխան տարածքները միացնելու անօրինական փորձերը»,- ասել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջերի Քոնոլին։
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի մշտական պատվիրակության նախագահ Եգոր Չերնևը նշել է, որ տրիբունալը կկարողանա դատել ոչ միայն ռազմական հանցագործությունների անմիջական մեղավորներին, այլև Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը։
«Այս բանաձևի ընդունումը կարևոր քաղաքական քայլ է, որն արտացոլում է արևմտյան խորհրդարանական շրջանակներում տիրող տրամադրությունները, հետևաբար այն ազդում է երկրների ղեկավարների վրա որոշումներ կայացնելիս»,- գրել է Չերնևը Facebook սոցիալական ցանցում։