Ախալքալաքցիների սիրելի վայրը Տավշանկայում՝ Բավրա գյուղի կամրջի մոտակայքում, որը տեղացիները կոչում են «Բրդնոց», ճահճանում է։ Պատճառները դեռևս անհայտ են։
Jnews-ն Ախալքալաքի մտահոգ բնակիչներից ստացել է լուսանկարներ՝ հաղորդագրությամբ, որ Տավշանկայի առաջին տաղավարի հարակից տարածքը ջրի և ցեխի պատճառով անանցանելի է։ Այս ամենն, ըստ նրանց, ուղեկցվում է տհաճ հոտով։ Ականատեսները պնդում են, որ 2 շաբաթ առաջ այս տեղանքում ճահճացման հետքեր չեն եղել։
Մեզ չհաջողվեց հասնել Թափարվան գետի ափ՝ տեղանքի անանցանելիության պատճառով։ Տարածքը ճահճացած է։
Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնում, որտեղ կապ հաստատեցինք՝ պարզելու, թե արդյո՞ք այս տարածքով ջրային հաղորդակցություններ անցնում են, մեզ ասացին, որ ընկերությունն այս տարածքում հաղորդակցություններ ունի, սակայն կոնկրետ տվյալ վայրում, թե մեկ այլ, կպարզեն տեղում: Այս մասին ընթերցողին կտեղեկացնենք հաջորդ նյութում։