Այսօր, նոյեմբերի 25-ին Ախալքալաքի Սակրեբուլոյի բյուրոն քննարկեց և որոշ լարցումներով հետ ուղարկեց 2020 թվականի բյուջեի նախագիծը:
Հաջորդ տարվա բյուջեն էապես չի տարբերվի ընթացիկ տարվա բյուջեից: Դատելով Ախալքալաքի քաղաքապետարանի ներկայացրած 2020 թ.–ի բյուջեի նախագծից, ոչ մի նոր բան չի սպասվում:
Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանի խոսքերով, որոշ լրացումներով ու հավելումներով բյուջեի նախագիծը հետ են ուղարկում որոշ փոփոխություններ անելու համար:
«Այն ինչ նախատեսված է բյուջեի նախագծում, մենք կողմ ենք, ընթացքում պարզվեց, որ մենք ունենք էլեկտրոնային փաստաթուղթ, որի համար պետք է վճարենք, բայց մենք գումար չէինք նախատեսել: Մանկապարտեզների երեխաների տեղափոխման գումարն է ավելացվելու, և ևս մի քանի հարցեր, որոնք անհրաժեշտ է լրացնել», – ասաց Ախալքալաքի Սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանը:
Ախալքալաքի 2020 թվականի բյուջեն կկազմի 9,475,500,0 լարի: Այս գումարի հիմնական մասը կուղղվի աշխատավարձային ֆոնդ:
Այս գումարից, ինչպես միշտ առյուծի բաժինը կգնա Ախալքալաքի քաղաքապետարանին և Շրջանային ժողովին, համապատասխանաբար 1 655 000 լարի և 550 000 լարի: Օրինակ Շրջանային ժողովի աշխատավարձերի ֆոնդը կազմում է 508 000 լարի, իսկ քաղաքապետարանինը՝ 1 527 000 լարի:
Ախալքալաքի քաղաքապետրանը մինչև դեկտեմբերի 20-ը ժամանակ ունի բյուջեի նախագծում լրացումներ կատարել և ներկայացնել Սակրեբուլո: