Ախալքալաքի ոստիկանությունը քննում է խանդոցի 78ամյա բնակչի սպանության գործը: Ինչպես հայտարարում են ոստիկանության տեղամաս հարցաքննության կանչվածները, իրենց ծեծում ու հոգեբանորեն ճնշում են, որպեսզի իրենց վրա վերցնեն սպանությունը:
Օգոստոսի 28-ին Խանդոյում հանելուկային պայմաններում սպանվել էր 78 ամյա բնակչուհի Սեդա Սպերցյանը: Ինչպես պատմում են գյուղի բնակիչները, ամեն ամառ Սեդա Սպերցյանը Ռուսաստանից գալիս էր Խանդո, իսկ ձմռանը վերադառնում էր Ռուսաստան, որտեղ նրա տղան ապրում է իր ընտանիքի հետ:
Սպերցյանի հարևանների պատմածով նրան գտել են սպանության երկրորդ օրը: Սպերցյանի քրոջ տղան` իր կնոջ ու հարևանների հետ վերջինիս գտել է արյան մեջ, դեմքով գետնին ընկած, բայց ինչ-որ պատճառով չեն հայտնել ոչ ոստիկանությանը, ոչ էլ շտապ օգնություն են կանչել: Արյունոտված շորերի վրա հագցրել են մաքուր հագուստ, դիակը դրել են սառնարան ու սպասել են տղայի ժամանելուն, ով հայտնաբերել է մոր մարմնի վրա վերքերի հետքեր: Դրանից հետո կանչել են ոստիկանություն, որն էլ սկսել է հետաքննությունը:
Գյուղում տիրող իրավիճակը ճնշող է, գյուղի կենտրոնում նստած մարդկանցից քչերը ցանկացան մեզ հետ զրուցել, բայց ոմանք ասացին, որ ոստիկանությունը ձերբակալում և ծեծում է բնակիչներին, որ այդ կերպով այնտեղ են եղել արդեն գյուղի 20-25 բնակիչ:
Գյուղի կենտրոնում հավաքվածները լռում էին, և բոլորը ուղղություն էին ցույց տալիս դեպի գյուղի լիազորը, ով կամ կպատասխաներ մեր հարցերին, կամ էլ ցույց կտար այն բնակիչների տները, որոնք տուժվել էին ոստիկանների գործողություններից: Գյուղի լիազորը տեղում չէր, բայց մենք պատահաբար հանդիպեցինք ոստիկանության գործողություններից տուժած 44 ամյա Գոհար Մելիքյանին:
«Ինձ խնդրեցին, որ իրենց հետ մեկնեի ու տայի ցուցմունք իբրև վկա, բայց ոչ էլ հարցրին թե ով եմ ես, կամ ինչ գիտեմ: Ինձ ստիպում էին, որպեսզի ես համոզեի տղայիս, որ նա իր վրա վերցներ սպանությունը, որպեսզի գործը փակվեր: Իմ խոսքերին, թե իմ տղան անմեղ է, նրանք ասացին, ինչքան անմեղ մարդիկ են նստած, քո տղան էլ նույն հիմարն է, թող նստի` մեկով շատ կլինի, թե քիչ: Մենք հիմա նրա աչքերի առաջ կծեծենք քեզ, թող նայի: Մի քանի անգամ խփեցին, ես վատ զգացի, կանչեցին շտապ օգնություն, սկզբում նրանք չէին ցանկանում, բայց նրանցից մեկը` ոստիկանապետի տեղակալը` Հակոբը, ասաց, որ մարդը մեռնում է` կանչեք շտապ օգնություն: Մենակ նա ներողություն խնդրեց նրանց գործողությունների համար, միայն նա և Բոգդանովկայի ոստիկանապետի տեղակալը չէին ծեծում ու վիրավորում մեզ, այլ միայն հարցաքննում էին», – պատմում է Գոհար Մելիքյանը:
Նրա խոսքերով, ինքը նույնիսկ կորցրել է գիտակցությունը:
«Նրանք ասում էին, որ ինչ-որ մեկի վրա կբարդեն այս գործը: Ծեծում ու հայհոյում էր ինքը` Ախալքալաքի ոստիկանության պետը: Նրանք արտահայտվում էին անշնորք կերպով, սպառնալով բռնաբարել, ասում էին այդ տհաճ խոսքերը ու ծիծաղում էին, ասում էին ու ծիծաղում: Այդ ամենը տեղի էր ունենում ոստիկանության պետի առանձնասենյակում», – ասում է Գոհար Մելիքյանը:
Տանը, որտեղ ապրում է Գոհարը, միայն ինքը չի ենթարկվել բռնության իրավապահների կողմից, այլ նաև նրա տղան, եղբայրը ու նրա կինը:
«Նախ եկան և խնդրեցին հանգիստ տալ ցուցմունք գործի վերաբերյալ, թեև ես ոչինչ չգիտեի: Ոստիկանական տեղամաս տանելուն պես վայրենացան: Ինձ խփում էին երիկամներիս, գլխիս, ավելի շատ գլխիս: Արդեն չորս օր է գլխապտույտ ունեմ: Խփում էին այնպես, որ հետքեր չլինեին: Ես նստած էի ձեռնաշղթաներով 2-3 ժամ: Իմ ներկայությամբ հայհոյում էին և ծեծում էին մորս: Հետո գլխիս ցելոֆան անցրին ու խեղդում էին: Հետո գլխիս անցրին պարկ և խփում էին ձեռքերով, ոտքերով: Երբ այդտեղից դուրս եկա, զանգահարեցի պետական ոստիկանության թեժ գիծ, հետո ,,Ռուսթավի 2’’ ալիք, որ բոլորը իմանային, թե ինչ է տեղի ունենում: Ինձ ասում էին, քո վրա վերցրու սպանությունը, մենք քեզ կտանենք Հայաստան և այնտեղ բաց կթողնենք», – պատմում է Ցոլակ Մելիքյանը:
Ցոլակ Մելիքյանի խոսքերով, մոտավորապես 25-30 մարդ Խանդո գյուղից ենթարկվել են ծեծի: Ցոլակի մոտ գիշերը եկել է շտապօգնություն` երիկամների ցավերից չի կարող տեղաշարժվել: Շիրինյան ու Մելիքյան ընտանիքների խոսքերով, քանի դեռ Ցոլակ Մելիքյանն ու Շիրակ Շիրինյանը / Ցոլակի քեռին/ հարցաքննության էին ենթարկվում ոստիկանության շենքում, նրանց տունը խուզարկվել է, բայց ոստիկանությունը ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել խուզարկության համար:
«Դա մղձավանջ էր: Ես ոստիկանության հետ ոչ մի հիմնախնդիր չունեի, ես այնտեղ չէի եղել: Մեզ կասկածել էին, քանի որ ես ունեի վարկեր, այդպես ասաց ոստիկանապետի տեղակալը: Բայց մենք միակը չէինք, ում ծեծել էին: Մեր հարևանուհուն` երիտասարդ աղջնակի` ծեծել են ու վիրավորել, բայց նա ոչ մի բան չի պատմի, քանի որ այս գործով նստեցրել են նրա քրոջ ամուսնուն, նրանք վախենում են, որ գլխներին կսարքեն և դուրս չեն թողնի երբեք: Նրանց սպառնում էին ծեծել երկրորդ աղջկան: Տարեց հարևանին այնպես են ծեծել, որ մարդը չի կարող քայլել, նրա վրա էին բռնել ատրճանակի փողը: Բոլորը վախեցած են, ոչ ոք չի ցանկանում խոսել», – պատմում է Ցոլակ Մելիքյանը:
Ձերբակալությանը հետևել է շտապ դատական պրոցեսը, որտեղ Ցոլակը մեղադրվել է որպես վարչարարական իրավախախտում կատարող:
«Ես պահանջում էի դատապաշտպանի, նրանք հեգնում էին, ասում էին քո ինչին է պետք դատապաշտպանը թանկ է. այդպես էլ չներկայացրին դատապաշտպան: Ոստիկանության պետը և այլ ոստիկաններ` ծեծելով ինձ ստիպում էին ստորագրել փաստաթուղթ, որ ես բողոք չունեմ: Հետո, որպեսզի արդարացնեն այն փաստը, որ ինձ կալանել էին 24 ժամից ավելի, ինձ վրա բարդեցին 176 հոդվածով վարչարարական գործ, իբր ես բղավել եմ ոստիկանի վրա: Ինձ` մի ոստիկանի հետ միասին ուղարկեցին դատարան, որտեղ էլ ես ինձ մեղավոր չհամարեցի: Դատավորը հայտարարեց ընդմիջում, որի ընթացքում ոստիկանը ինձ հոգեբանորեն ճնշում էր, որ ինձ վրա վերցնեի մեղքը: Ինձ տուգանեցին 250 լարի», – ասում է Ցոլակ Մելիքյանը:
Ցոլակ Մելիքյանը պարտավոր է 7 օրվա ընթացքում բողոքարկել վարչարարական գործը, բայց ընտանիքը չունի գումար դատապաշտպանի համար:
Ոստիկանական բաժանմունքում է գտնվել նաև 29 ամյա Գայանե Շիրինյանը, երկու մանկահասակ երեխաների մայրը:
«Ինձ ձերբակալեցին ու թողեցին հաջորդ օրը: Ինձ ասացին, որ սպանել եմ մեր հարևանին: Երբ ոստիկանները դուրս էին գալիս մեր տնից` նկարեցին իմ երեխաներին, հետո ցույց տվեցին իմ ամուսնուն և ասացին, ավելի լավ է խոստովանիր, եթե ոչ քո առաջ հաշվեհարդար կտեսնենք քո կնոջ և երեխաների հետ», – պատմում է Գայանե Շիրինյանը:
Այն, որ մարդիկ վախենում են, մենք` ինքներս համոզվեցինք: Շատերը չէին ուզում խոսել: Տարեց հարևանը, գունատու, անտրամադիր դուրս եկավ դարպասների մոտ, բայց հարցազրույց տալ` թե ինչ է տեղի ունեցել չցանկացավ: «Ես չեմ խոսի այն մասին, թե ինչ են նրանք արել: Աստված կա, թող Աստված դատի նրանց», – ասաց նա:
Գյուղի բնակիչների պատմածները ՆԳՆ-ում պաշտոնապես հերքեցին «Ռուսթավի 2» հեռուստաալիքին: Բայց այսօր երեկոյան Ախալքալաքում տարածվեց տեղեկատվություն, որ Ախալքալաքի ոստիկանության պետին հեռացրել են զբաղեցրած պաշտոնից: Պաշտոնական հաստատում կամ էլ մերժում տվյալ տեղեկատվության ձգտում ենք ստանալ վաղը առավոտյան: