Ախալքալաքի շրջանային դատարանը քննում է անչափահասի ինտիմ լուսանկարները տարածելու սպառնալիքով գումարի շորթման և հարկադրաբար սեռական բնույթի գործողություններ կատարելու գործը։ Փետրվարի 13-ին, դատարանը որոշել և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը:
Վրաստանի քրեական օրենսգրքի 139-րդ (4-րդ մասի «բ» կետ) և 181-րդ (1-ին մաս) հոդվածներով, որոնցով ընթանում է գործը, մեղադրյալին սպառնում է 9-ից 15 տարվա ազատազրկում։ Նրանք, որոնց մեղադրյալը ուղարկել է լուսանկարները ևս կարող են պատասխանատվության ենթարկվել՝ ինտիմ բնույթի լուսանկարները տարածելու մեղադրանքով:
Ախալքալաքում սոցիալական ցանցերի և ինտերնետի միջոցով հաղորդակցության զարգացմանը զուգահեռ զարգացել են նաև համացանցային հանցագործությունները։ Երիտասարդների շրջանում տարածված է հիմնականում իգական սեռի օգտատերերին պարտադրել ինտիմ բնույթի լուսանկարներ ուղարկելը, շփումներ հրահրելը և դրանք տարածելը: Որոշ դեպքերում լուսանկարները կեղծվում են ֆոտոխմբագիրների օգնությամբ:
Շատ դեպքերում այս պատմություններն աղջիկների պարագայում ավարտվում են սթրեսով: Կամ նման հանցագործությունների զոհերի պատմություններն ավարտվում են նաև՝ կամ անձնային բախումներով, կամ պարզապես կորցնում են իրենց արդիականությունը, երբ հայտնվում են զվարճանքի նոր առարկաներ: Որոշ դեպքերում նույնիսկ հանցագործները պատժվում են զոհերի հարազատների կողմից, սակայն դա չի բացահայտվում։ Արդյունքում՝ նման հանցագործությունները գնալով ավելի ու ավելի տարածված են դառնում։ Երիտասարդները զվարճանում են առցանց հանցագործությամբ՝ չմտածելով դրա հետևանքների և այն մասին, որ կարող են բանտ ընկնել։
Այս դեպքում, երբ իրավապահ մարմինները հաղորդում են ստացել համացանցային հերթական հանցագործության մասին, գործ է հարուցվել և հետաքննություն է ընթանում, հայտնի է մեղադրյալը, որին սպառնում է 9-ից 15 տարվա ազատազրկում։