Ախալքալաքում գրեթե մեկ ամիս է ինչ գործում է Cool School ծրագիրը, որն իրականացնում է Ժաննա Չոգանդարյանը: Այն նպատակաուղղված է շրջանում բարձրացնելու մեդիագրագիտության մակարդակը և այդ գործում ներգրավվելու երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են այդ ոլորտով:
Ծրագրի իրականացնող 20-ամյա Ժաննան սովորում է Իլիայի պետական համալսարանում, առաջին մասնագիտությունն անգլերենն է, երկրորդը՝ բիզնես կառավարումը: Բայց նա հետաքրքրված է նաև մեդիա ոլորտով:
Ծրագիրը կարևոր է՝ և համայքի զարգացման, և Ժաննայի մասնագիտական աճի համար: Նախագիծը վաղուց է եղել թղթի վրա, այն իրականացումն անընդհատ հետաձգվում էր, քանի որ դրամաշնորհ չկար:
«Երբ «Երիտասարդական գաղափար ծրագրի» կողմից Եվրոպական ֆոնդի աջակցությամբ մրցույթ հայտարարվեց և դրա շրջանակներում սոցիալական ծրագիր ստեղծելու հնարավորություն կար և, քանի որ, այդ ոլորտն ինձ շատ էր հետաքրքրում որոշեցի մասնակցել: Ծրագրում էի դպրոցի ֆորմատով որևէ բան ստեղծել, բայց այս ծրագրի դրամաշնորհի սեղմության պատճառով հնարավոր չէր ավելի շատ դասնթացներ ներառել, դրա համար ընտրեցի մի ուղղություն, որը կկարողանայի ինքս դասավանդել»:
Ժաննան մեդիա ոլորտում ունի թրեյների որակավորում և կարողանում է ծրագրի մասնակիցներին ապահովել բազային գիտելիքներով:
Այս պահին դասավանդվում է մեդիագրագիտություն, ծրագրի իրականացման ժամկետը երկու ամիս է: Ընդհանուր առմամբ կանցկացվի 30 թրեյնինգ, որում ներառված կլինեն ավելի քան 150 երիտասարդներ:
«Թրեյնինգներն անցկացվում են Ախալքալաքում՝ անվճար իրավաբանական կենտրոնում: Մեզ այդ հարցում աջակցում է Շոռենա Թեթվաձեն, որի համար անչափ շնորհակալ եմ, բայց ցանկանում եմ նշել նաև, որ թրեյնինգներն անցկացվում են նաև օնլայն հարթակում այն մարդկանց համար, ովքեր ֆիզիկապես չեն կարողանա ներկայանալ»:
Ժաննան գտնում է, որ մեր տարածաշրջանում իրապես մեդիագրագիտության բաց կա: Իսկ ծրագրի հիմքում գրագետ սերունդ ունենալն է, սովորեցնել տարբերակել ապատեղեկատվությունը ճիշտ ինֆորմացիաից: