Ախալքալաքում և շրջանի գյուղերում բարձրլեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ ստանալու թեման շարունակում է մնալ արդիական, և օրեցօր ավելանում է բարձրլեռնային կարգավիճակ ստանալու համար դիմողների քանակը, սակայն դեռ ոչ բոլորը գիտեն նոր օրենքի մասին:
Չնայած այսօր տեղեկատվությունը բավականին հասանելի է բնակիչներին, այնուամենայնիվ դեռևս կան մարդիկ, ովքեր կամ ընդհանրապես անտեղյակ են, կամ ոչ լրիվ տեղեկացված «Բարձրլեռնային տարածաշրջանների զարգացման մասին» օրենքին: Պարզելու համար բնակիչների տեղեկացվածության աստիճանը անցկացրեցինք փոքր հարցում.
«Լսել եմ ծրագրի մասին և ինքս դեռ չեմ դիմել, բայց մանրամասներին տեղյակ չեմ», – ասաց Ախալքալաքի բնակիչ Անդրանիկ Խանջյանը:
«Կարդացել եմ, որ Ջավախքի բնակիչներին տրվում է բարձրլեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ, ինչն ինձ շատ ուրախացրեց, նույն օրենքը կար նաև խորհրդային միության ժամանակաշրջանում: Անձամբ ինքս դեռ չեմ դիմել կարգավիճակ ստանալու համար, բայց անպայման կդիմեմ», – ասաց Ախալքալաքի բնակիչը, ով նախընտրեց գաղտնի պահել իր ով լինելը:
Բժշկուհի Լաուրա Ղռմաջյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ես տեղյակ եմ և արդեն դիմել եմ կարգավիճակ ստանալու համար և գործընթացը գտնվում է քննարկման պրոցեսում»:
Այնուամենայնիվ չսահմանափակվելով միայն Ախալքալաքի բնակիչների պատասխաններով, հարցումը շարունակեցինք նաև հարակից՝ Խոսպիո գյուղում, որտեղ պատկերը լրիվ այլ էր:
«Ես ընդհանրապես չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց որ ասացիք արդեն հետաքրքրեց», – ասաց Խոսպիո գյուղի բնակիչ Մարինե Քալաշյանը:
«Սրանից նրանից թռուցիկ բաներ եմ լսել, բայց ամենը մի բան է ասում, կոնկրետ ոչինչ չգիտեմ»,- ասաց նույն գյուղի բնակիչ Անգին Հովհաննիսյան:
«Ես ոչինչ չգիտեմ, լավ բաների մասին միշտ էլ ուշ են տեղեկացնում կամ ընդհանրապես չեն ասում», – ասաց Խոսպիո գյուղի բնակիչը, ով չցանկացավ ներկայանալ:
Հիշեցնենք, որ բարձրլեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ ստանալու համար հարկավոր են՝ դիմում, անձնագրի պատճեն, տեղեկանք Քաղաքացիական ռեեստրից, որ անձը հաշվառված է բարձրլեռնային շրջանում, տեղեկանք աշխատանքի վայրից և երկու անձանց դիմում, ովքեր կհաստատեն, որ անձը բնակվել է շրջանում նվազագույնը 9-ը ամիսների ընթացքում:
Ջուլիետա Տոնականյան